Գյումրիի ստորագրահավաքն ուղեկցվում է ուժայինների հետ վիճաբանություններով ու խոչընդոտներով
GALA-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրու Թատերական հրապարակում սկսված ստորագրահավաքը, որով գյումրեցիները իրենց ցանկությունն ու կամքն են արտահայտում միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Ազատության հրապարակում պայքարող քաղաքացիներին, ուղեկցվում է ուժայինների հետ վիճաբանություններով ու խոչընդոտներով: Բանն այն է, որ ստորագրահավաքի կազմակերպիչներն արգելում են սեղան տեղադրել Գյումրու Թատերական հրապարակում՝պատճառաբանելով, որ օրենք են խախտում:
«Ասում են՝ հանեք սեղանիկը, տարեք ստեղից, կարդոններ վերցրեք ձեռքներդ, եւ դրանց վրա թող մոտենան ու ստորագրեն, բայց այսպես ուղղակի հնարավոր չէ: Իրանք ասում են՝ իրավունք չունեք սեղան դնելու, բայց չեն ասում՝ դա որտե՞ղ է գրված, որ նման իրավունք չկա: Ո՛չ օրենք են ասում, ո՛չ կետ, մենք էլ օրենք չենք խախտում, ուղղակի ստորագրահավաք ենք անում խաղաղ պայմաններում: Ոչ մի անկարգություն, անշնորհքություն, անգամ բարձր ձայնով ոչ ոք չի խոսում»,-պատմեց մեզ Ժառանգության Գյումրու գրասենյակից Արկադի Խաչատրյանը:
«Ժողովրդի ցանկությունը սա է: Եթե էսօրվա դրությամբ կառավարությունում օլիգարխները մեզ ճնշում են, անգամ երեխաների ձեռքից հաց են գողանում ու ուտում, ուրեմն ստեղ իշխանություն չկա, եւ մենք այս ձեւով հրաժարվում ենք իրենցից: Մեր նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է»,-ասաց Գյումրի քաղաքի բնակիչ Կառլեն Իգիթյանը, ով եկել էր իր ստորագրությունը դնելու եւ ոստիկանների գործողություններից հետո բորբոքվել էր ու սկսել վիճաբանել նրանց հետ:
ԳԱԼԱ-ին, սակայն ոստիկանության աշխատակիցները ասացին, որ իրենք իրավունք չունեն եւ չեն էլ հրահանգել սեղանիկ հանել, քանի որ նման կետ գոյություն չունի, որ արգելեն հրապարակում սեղան տեղադրել:
«Չենք ասել՝մենք ոչ մեկին նման բան չենք ասել. Ո՞վ է ասել սեղանիկ հանեն, թող ինչքան ուզում են թողնեն: Մենք ստեղ ենք, որպեսզի կարգ պաշտպանենք»,- ասացին ոստիկաններն ու հեռացան:
Իսկ ավելի ուշ Գյումրու Թատերական հրապարակ ժամանեց ոստիկանների մի նոր խումբ՝ մգեցրած ապակիներով մեքենաներով:
Galatv.am-ը փորձեց նրանցից տեղեկանալ, թե ինչու են խմբով եկել Թատերական հրապարակ եւ ինչու մեքենաներից չեն իջնում: Սակայն մեզ նրանց հետ զրուցել պարզապես չհաջողվեց, քանի որ ոստիկանները մեքենաների դռները փակել էին ներսից:
ԳԱԼԱ-ի նկարահանող խմբի` Թատերական հրապարակից հեռանալուց հետո, ոստիկանական խումբը անցել էր գործողությունների: Նրանք նախ մոտեցել ու բարձր ձայներով զրուցել էին ստորագրահավաքի կազմակերպիչների հետ:
«Ասում են՝ընչի՞ եք ԳԱԼԱ զանգել, մենք էլ գիտեք վախեցանք, դե հիմա հավաքվեք: Ասում էին, թե ինչ օրենք՝ տղավարի ենք ասում՝ հավաքեք սեղանիկը»:
Իսկ ոստիկանների այս գործողությունները նկարահանող երիտասարդի ձեռքից իրավապահները տարել էին նաեւ նրա հեռախոսը:
Այս ամենից հետո ստիպված եղանք երկրորդ անգամ գնալ Գյումրու Թատերական հրապարակ: Ուր երիտասարդը պատմեց, որ ոստիկանը նրա ձեռքից ուղղակի թռցրել է հեռախոսը: «Հեռախոսս առավ ու գնաց, ես նկարում էի, հիմա չի տալիս»,-պատմեց նա:
Ուստի մենք ստիպված եղանք դիմել ՇՄ ոստիկանապետին ու տեղեկացնել, որ տեղի է ունեցել բջջային հեռախոսի առեւանգում ոստիկանական համազգեստով մարդու կողմից:
Որից հետո երիտասարդի հեռախոսը վերադարձրեցին: