Ռոնալդուն, Տարոն Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը

«ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում  ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է, թե Հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների է գնում լավ պաշարով. առաջինը`տեղական ինքնակառավարման հարուստ փորձով և արդեն այդ ոլորտում արհեստավարժ կադրային ներուժով:

Նրա խոսքով՝ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող քաղաքական այլ ուժերի համեմատ ՀՀԿ-ն գտնվում է շահեկան վիճակում, քանի որ տեղական ընտրությունները տարբերվում են համահանրապետականից. դրանք պակաս քաղաքականացված են, և այդ ընտրություններում ընտրում են հատկապես տնտեսվարողների, ովքեր ի վիճակի են լուծել համայնքային խնդիրները:

«Այս առումով քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը, ով տեղական ինքնակառավարման հարուստ փորձ ունի, քանի որ ավելի վաղ շատ հաջող գլխավորել է մայրաքաղաքի Ավան համայնքը, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնում գտնվելու 1,5 տարվա ընթացքում հաջողացրել է շատ բան անել Երևանի համար, դրականորեն տարբերվում է այլ քաղաքական ուժերի թեկնածուներից: Մեկ բան է Վարդան Օսկանյանը`որպես քաղաքական գործիչ, այլ բան` նույն Օսկանյանը` որպես տնտեսվարող: Դա գործնականում նույնն է, ինչ փոխատեղել Ռոնալդուին և Կասիլիասին, այդ դեպքում «Ռեալ Մադրիդի» ՕԳԳ-ն կնվազի առնվազն 50%-ով»,- բացատրել է Շարմազանովը` հավելելով, որ բոլոր սոցհարցումների համաձայն, Տարոն Մարգարյանի վարկանիշը կայուն բարձր է:

Նա ընդգծել է, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն ավելի լուրջ է պատրաստվում, քան մնացած նախորդներին: «Մենք մտադիր ենք սրբագրել անցած թերությունները և հանդես գալ ավելի համախմբված և կազմակերպված թիմով` համոզիչ հաղթանակ տանելով ընտրություններում»,- հավաստիացրել է Շարմազանովը:

Կարդացեք նաև

ՀՀԿ մամուլի քարտուղարը նաև նշել է, որ առաջիկա մայրաքաղաքային ընտրություններում կուսակցությանը վստահություն են հաղորդում նաև նախագահական ընտրությունների արդյունքները, որում ՀՀԿ-ից նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հաղթանակ տարավ`ձայների 58%-ով:

«Այնուամենայնիվ, պետք է նշել, որ քաղաքական տեսակետից իրավիճակը մայրաքաղաքային ընտրություններում փոքր-ինչ այլ կլինի, քան նախագահական ընտրությունների ժամանակ էր`այն առումով, որ այս ընտրություններին կմասնակցեն գործնականում բոլոր հիմնական ընդդիմադիր խաղացողները, պայքարը կծավալվի ոչ այնքան իշխանությունների և ընդդիմության, որքան ընդդիմադիր ուժերի միջև»- նշել է Շարմազանովը, ով, շրջանառվող լուրերի համաձայն՝ ղեկավարելու է Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը:

Տեսանյութեր

Լրահոս