ՕԵԿ-ը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ-ի անդամ Սիլվա Մարկոսյանը, ՕԵԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 105 թեկնածու:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
Այսպիսով` այս պահի դրությամբ ԿԸՀ-ն ստացել է երկու հայտ. նախօրեին առաջադրվել էր ՀՀԿ-ն: Վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: