Վահրամ Փափազյանի 125-ամյակը՝ «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում
«Հայ հասարակության՝ մշակութային միջոցառումների հանդեպ հետաքրքրությունը մեծ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը: «Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր «Հանդիպում արվեստի հետ» շարքով այս անգամ հանդիպում է կազմակերպում արվեստասեր հասարակության և հայ անվանի դերասան Վահրամ Փափազյանի միջև: Հանդիպումը նվիրված է մեծանուն դերասանի 125-ամյակին:
Նշեմ, որ մուտքն ազատ է: Ցանկացողները կարող են վաղն այցելել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն՝ նախնական գրանցմամբ: Միջոցառումը հատուկ է նաև նրանով, որ հանդիպման ընթացքում մեծ արվեստագետի մասին խոսելու է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը: Ցուցադրվելու են նաև Վահրամ Փափազյանի հայտնի մենախոսությունների և ելույթների եզակի ձայնագրությունները: Միջոցառման կազմակերպման հարցում համագործակցել ենք Ազգային թատերական ստեղծագործական միավորման հետ»,- ասաց Լ. Սոխակյանը:
Վերջինս նշեց, որ արվեստի կենտրոն են հաճախում տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ: «Ուրախալին այն է, որ տարբեր տարիքի մարդիկ են հաճախում մեզ մոտ, ծանոթանում են արվեստի եզակի նմուշներին, մասնակցում են ցուցահանդեսներին, համերգներին: Մարդիկ սկսել են առավել շատ հետաքրքրվել ջազ երաժշտությամբ: Այդ առիթով ևս «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահը միշտ լեցուն է, ինչն ուրախացնում և ոգևորում է մեզ»,- ասաց Լ. Սոխակյանը:
Աիդա Ղարիբյան