Անգլիայում 9-ամյա աղջիկը հայտնաբերել է գիտությանն անծանոթ դինոզավրի տեսակ
BBC-ի փոխանցմամբ՝ անգլիական Ուայթ կղզու 9-ամյա բնակչուհի Դեյզի Մորիսը հայտնաբերել է գիտությանն անծանոթ դինոզավրի տեսակի կարծրացած մնացուկներ: Նշվում է, որ նա դրանք հայտնաբերել է դեռևս 4 տարի առաջ:
Մորիսի ընտանիքը վերջապես որոշել է գտածոն փորձաքննության նպատակով ուղարկել Սաութհեմփթոնի համալսարան: Գիտնականները պարզել են, որ դինոզավրը պատկանել է պտերոզավրերի (բրածո թռչող կենդանի) մինչ այս անհայտ տեսակի, որոնք Երկրում ապրել են կավճային շրջանում, որն ավարտվել է 66 միլիոն տարի առաջ:
Նոր տեսակն անվանվել է Vectidraco daisymorrisae` ի պատիվ այդ աղջկա: Դինոզավրի մարմնի երկարությունը կազմում է մոտ 35 սանտիմետր, իսկ թևերի բացվածքը՝ 75 սանտիմետր: Փորձագետ Մարտին Սիմփսոնը հայտարարել է, որ եթե Դեյզը չհայտնաբերեր դինոզավրի մնացորդները, ապա դրանք հայտնված կլինեին ծովում, և գիտնականները կարող էին երբեք էլ չիմանալ Vectidraco daisymorrisae-ի մասին: