
20 օրում Ադրբեջանը բողոքի երկրորդ նոտան է հղել Լիտվային՝ կապված ԼՂՀ-ի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Լիտվային՝ կապված վերջինիս խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծման հետ:
Երեկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն ընդունել է Ադրբեջանում Լիտվայի դեսպան Արտուրաս Ժուրաուսկասին և հայտնել, որ ադրբեջանական կողմը դժգոհ և մտահոգ է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ:
Խալաֆովն ընդգծել է, որ լիտվական կողմի այդ քայլը «խախտում» է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հանդիսանում է ԼՂՀ-ին աջակցության դրսևորում: Խալաֆովը դեսպանին հանձնել է ադրբեջանական կողմի բողոքի նոտան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը նույն պատճառով Լիտվային բողոքի նոտա է հղել նաև փետրվարի վերջին: