Սերժ Սարգսյանը կմեկուսացնի՞ քաղաքական դաշտից իր աշխատակազմի ղեկավարին. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը արձակուրդ է մեկնել: Թե որն է ներքաղաքական ներկայիս լարված և անորոշ իրավիճակում՝ նման քայլի պատճառը, պաշտոնապես ճշտել չի հաջողվել:
Մեր թղթակցի հեռախոսազանգերը Սերժ Սարգսյանի լրատվական ծառայություն՝ անպատասխան են մնացել: Պրակտիկան, սակայն, ցույց է տալիս, որ որևէ պաշտոնյայի այսպիսի անսպասելի արձակուրդն ավարտվում է պաշտոնանկությամբ կամ պաշտոնափոխությամբ:
Վիգեն Սարգսյանը, ինչպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Սարգսյանի նախընտրական շտաբում կենտրոնական դերակատարություն ուներ: Այս արձակուրդը վկայում է, որ Սերժ Սարգսյանը նրան նույնպես չի ներում ընտրություններում իր խայտառակ արդյունքի համար: Ենթադրվում է, որ ինչպես Մ. Մինասյանը՝ Վ. Սարգսյանը նույնպես ապագայում կմեկուսացվի քաղաքական դաշտից»: