Անդրիաս Ղուկասյանի էլեկտրոնային փոստը կոտրելու առիթով հարուցվել է քրեական գործ

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի էլեկտրոնային փոստը կոտրելու առիթով հարուցվել է քրեական գործ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Վերջինս նշեց, որ իր էլփոստը կոտրելու հանգամանքն ինքը հայտնաբերել է փետրվարի 10-ին, բայց քանի որ, իր խոսքով, երկար ժամանակ չի օգտվել այդ փոստից, չի կարող հստակ ամսաթիվն ասել, թե ե՞րբ են այն կոտրել: Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա, նրա հավաստմամբ, նախաքննություն է սկսվել, որի արդյունքում հիմնավորվել են բոլոր փաստերը և հարուցվել է քրեական գործ:

Նախկին թեկնածուն նշեց, որ դժվարանում է պատասխանել, թե արդյոք էլեկտրոնային փոստը կոտրելը քաղաքակա՞ն ենթատեքստ ունի, թե՞ ոչ, բայց փաստեց, որ այն կոտրել են նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ինքը դեռևս հացադուլի մեջ էր՝ որպես նախագահի թեկնածու:

Ղուկասյանի խոսքով՝ տեղեկատվությունը, որը պահվում էր իր փոստում, հիմնականում վերաբերում էր «Դվին» կովկասյան կոմունիկացիոն խմբին և իր ու «Ռուսաստանի ձայնը» ընկերության միջև տեղի ունեցած նամակագրությանը, որն, ի դեպ, խզեց հարաբերությունները «Ռադիո Հայի» եթերում, որի ժողովի նախագահը հենց Անդրիաս Ղուկասյանն է:

Կարդացեք նաև

«Չեմ կարող ասել՝ որքանո՞վ է այդ ինֆորմացիան օգտագործվել նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետև դա վերլուծելու համար ավելի շատ ժամանակ է պետք: Ինքս հացադուլի ժամանակ հնարավորություն չունեի հետևելու բոլոր տեղեկություններին, դրա համար կդժվարանամ ասել՝ օգտագործվե՞լ է ինչ-որ տեղ, թե՞ ոչ: Բայց կան շատ հանգամանքներ, որոնք հիմք են տալիս մտահոգ լինել, որ դա կապ ուներ նախագահական ընտրությունների հետ»,- մասնավորեցրեց նա:

Անդրիաս Ղուկասյանն ընդգծեց, որ հիմա տեխնիկապես վերականգնված է էլեկտրոնային փոստը և ինքը ժամանակ առ ժամանակ օգտվում է այդ փոստից՝ միայն վերահսկելու նպատակով:

Անդրիաս Ղուկասյանն ասաց նաև, որ չկա որևէ մեկը ում ինքը կասկածում է:

Տեսանյութեր

Լրահոս