Ուժգին քամու պատճառով Թբիլիսիում հոսանքազրկվել է մոտ 24.000 բաժանորդ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գրանցված ուժգին քամու պատճառով 23.800 բաժանորդ զրկվել է էլեկտրաէներգիայից: Այս մասին հայտարարել է «Տելասի» էլեկտրաբաշխիչ ընկերության ներկայացուցիչ Վալերի Պանցուլայան:
Վերջինիս խոսքերով՝ էլեկտրահաղորդագծերը վնասվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի մատակարարումից զրկվել են Թբիլիսիի մի շարք շրջաններ, այդ թվում նաև հիվանդանոցներ, «Իմեդի» հեռուստաընկերությունը, քաղաքային ու վերաքննիչ դատարանները, Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունը, պարեկային ոստիկանությունը և Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Պանցուլայան հավելել է, որ ներկայումս ընթանում են վերականգնողական աշխատանքներ, և քաղաքում ամբողջովին կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նշվում է, որ ուժգին քամին Թբիլիսիում վնասել է նաև մի շարք տների տանիքներ: Քամու արագությունը կազմել է 18 մետր/վայրկյան: