«Lonley planet» երգի վերջնական տարբերակն արդեն պատրաստ է
«Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի «Lonley planet» երգի վերջնական տարբերակն արդեն պատրաստ է: 168.am-ի հետ զրույցում «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ մարտի 18-ին ինքը Շվեդիայում, մրցույթի պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, կներկայացնի «Lonley planet» երգի վերջնական տարբերակը: Նշենք, որ ըստ մրցույթի կանոնակարգի, մրցույթի մասնակից բոլոր երկրների երգերը մինչև վերջնաժամկետը՝ մարտի 18-ը, կարող են փոփոխության ենթարկվել, նորովի մշակվել, սակայն վերջնաժամկետից հետո, մրցութային երկրները կներկայանան պատվիրակության ղեկավարների ներկայացրած երգի վերջնական տարբերակներով: «Մի քանի օրից երգի տեսահոլովակն արդեն պատրաստ կլինի և կներկայացվի հանրությանը, սակայն ինչ վերաբերում է շոուին, դեռ մտածում ենք՝ ինչպես հանդես գալ, չնայած մտահաղացումներ արդեն կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոհար Գասպարյանը: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013» երգի ամենամյա մրցույթը տեղի կունենա մայիսի 14-18-ը՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում: Մրցույթի այս տարվա «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո հանդես կգան Եվրոպայի 39 երկրները ներկայացնող մանսակիցներ: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին: