Բաժիններ՝

Պենտագոնն ամրապնդում է ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ՀՀՊ-ն` կապված Հյուսիսային Կորեայի սպառնալիքների հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը երեկ լրագրողների հետ ունեցած զրույցում պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգը մինչև 2017 թվականն ուժեղացնելու մասին` կապված Հյուսիսային Կորեայի սպառնալիքների հետ:

Վերջինս օրեր առաջ չեղյալ հայտարարեց 60 տարի առաջ Հարավային Կորեայի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը` չբացառելով ԱՄՆ-ին կանխիչ հարված հասցնելու հնարավորությունը: Այս կապակցությամբ Հեյգելը հայտարարել է.

«Մենք Ալյասկայում կտեղակայենք 14 հավելյալ ցամաքային հակահրթիռ (կանխազարկ հրթիռ): Դա Ալյասկայում մեր ունեցած հակահրթիռների ընդհանուր քանակը կհասցնի 30-ի, իսկ Կալիֆոռնիայում գտնվող հակահրթիռների քանակը կհասցվի 44-ի: Դրանք մեր ՀՀՊ-ը  կուժեղացնեն գրեթե 50 տոկոսով:

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մենք պլանավորել ենք Ճապոնիայում տեղակայել հավելյալ ռադար, որը կլինի TPY-2 տիպի 2-րդ ռադարը Ճապոնիայում: Այն կօգնի հայտնաբերել և հետևել յուրաքանչյուր հրթիռին, որը Հյուսիային Կորեայից կարձակվի ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի ուղղությամբ:

Պենտագոնը ներկայումս ուսումնասիրում է այն հարցը, թե ԱՄՆ-ում էլ որտեղ կարելի է ստեղծել հավելյալ բազա` կանխազարկ հրթիռների համար: Այդ հարցը պետք է լուծել հնարավորինս սեղմ ժամկետում:

ԱՄՆ-ը կշարունակի իրագործել Եվրոպայում ՀՀՊ համակարգի ստեղծման պլանը, սակայն որոշ փոփոխություններ կկատարի վերջնական (չորրորդ) փուլում` հրաժարվելով Լեհաստանում հավելյալ հակահրթիռներ տեղակայելուց:
Մենք փոփոխության կենթարկենք SM-3 IIB կանխազարկ հրթիռների տեղակայման մեր ծրագիրը, որոնց մենք պլանավորել էինք տեղակայել Եվրոպայում ՀՀՊ համակարգի փուլային ստեղծման մեր պլանի շրջանակներում:

Այդ ծրագրի առաջադրանքն ԱՄՆ-ի տարածքը Մերձավոր Արևելքից հրթիռային հարձակման պաշտպանվածության ուժեղացումն է: Տվյալ ծրագրի իրագործումը հետաձգված է նվազագույնը մինչև 2022 թվականը` բյուջետային կրճատումների պատճառով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս