25 տարի առաջ այս օրը իրաքյան ավիացիան քիմիական զենք կիրառեց քրդերի նկատմամբ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր քուրդ ժողովուրդը նշում է իր պատմության ամենաաղետալի օրերից մեկը: 1988 թվականի մարտի 16-ին իրաքյան զորքերը քիմիական զենք կիրառեցին քրդական Խալաբաջա քաղաքում, որը գտնվում է Իրանի սահմանից ոչ հեռու:
Դրա հետևանքով զոհվեց մոտ 5000 մարդ, հիմնականում կանայք ու երեխաներ, վիրավորվեց ու թունավորվեց ավելի քան 20.000 մարդ: 1985 թվականին Քրդստանի հայրենասիրական միությունը (ՔՀՄ) հրաժարվեց պաշտոնական Բաղդադին տևական աջակցելու իր քաղաքականությունից և Ջելալ Թալաբանիի (ՔՀՄ հիմնադիր և առաջնորդ, 2005 թվականից Իրաքի նախագահ – 168.am) զինված ջոկատները զենքն ուղղեցին Իրաքի կանոնավոր բանակի դեմ:
1987 թվականի ապրիլին առաջին անգամ քրդերի դեմ կիրառվեց քիմիական զենք: 1988 թվականի մարտի 16-ին Իրաքի ավիացիան քիմիական ռմբակոծության ենթարկեց Խալաբաջա քաղաքը` կիրառելով տարբեր տիպի թունավոր նյութեր` իպրիտ, զարին, տաբուն (անգույն հեղուկ), VX գազ:
1988 թվականի մայիսի 9-ին ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց մի բանաձև, որում դատապարտեց քիմիական զենքի կիրառումը` չնշելով, սակայն, Իրաքի անունը:
Հիշեցնենք, որ 1979 թվականին Իրաքում իշխանության եկած Սադդամ Հուսեինը 8 տարի (22.09.1980-20.08.1988) պատերազմ է մղել 1979 թվականին Իրանում իրականացված Իսլամական հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչակարգի դեմ: