Արկադի Վարդանյան. «Միակ դիակը, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել, այս վարչակարգի դիակն է» (տեսանյութ)
«Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր զոհաբերությամբ աննախադեպ իրավիճակ է ստեղծել մեր ներքաղաքական կյանքում»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանը` խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից սկսված հացադուլի մասին:
Արկադի Վարդանյանը հայտնեց իր համոզմունքը, որ հրապարակում հավաքվածներից ոչ մեկը չի ցանկանում դիակներ տեսնել:
«Միակ դիակը, որը մենք բոլորս ցանկանում ենք տեսնել և ուղեկցել դեպի հավերժություն, դա այս վարչակարգի դիակն է»,- ասաց Արկադի Վարդանյանը:
Վերջինս նշեց, որ հացադուլը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից լրջագույն քայլ է, քանի որ նա զոհասեղանին է դրել մարդու համար ամենամեծ արժեքը` իր կյանքը:
«Ո՞վ կարող է այդ զոհասեղանից Րաֆֆի Հովհաննիսյանին հանել դուրս, ոչ ոք, ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ Վլադիմիր Պուտինը, ո´չ Օբաման: Կա միայն մեկ ուժ, որը կարող է դա իրագործել, այդ ուժը կոչվում է հայ ժողովուրդ»,- շեշտեց նա:
«Ես ուզում եմ ձեզ կոչ անել. եթե յուրաքանչյուրդ խորապես գիտակցում եք, որ յուրաքանչյուրիդ պահվածքից, վճռականությունից, կամքի դրսևորումից կախված է այս հարգարժան մարդու կյանքը, ընդգծում եմ` կյա´նքը, ուրեմն բոլորդ խորապես գիտակցեք, որ ամեն մի հաջորդ հանրահավաք պետք է կրկնակի, տասնապատիկ մարդաշատ լինի»,- հայտարարեց Արկադի Վարդանյանը: