Բաժիններ՝

«168 Ժամ»-ի լրագրողը նույնպես մրցանակ ստացավ

Այսօր «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներով:

Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր 2012 թվականի հունվարի 1-ից
մինչև 2013 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան
տպագիր, առցանց և էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված շուրջ 50
լրագրողական նյութ:

Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխության հաղթողներն են.

• Առաջին տեղ- Երանուհի Սողոյանի Hetq.am կայքում տպագրված Լիպովցի հայ
էմիգրանտների մասին հոդվածաշարին (ընդհանուր 88 միավոր),

Կարդացեք նաև

• Երկրորդ տեղ – Լիլիթ Ավագյանի «168 ժամ» կայքում տպագրված «Ավելորդը»
հոդվածին (ընդհանուր 76 միավոր)
• Երրորդ տեղ – Հասմիկ Բադալյանի «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ցատկ
Եվրոպայում կամ օտարության փորձությունը» հոդվածին (ընդհանուր 75 միավոր) :
Հաղթողներին տրվեցին վկայագրեր և դրամական պարգևներ. առաջին տեղի համար 1000,
երկրորդ տեղի համար` 500 և երրորդ տեղի համար` 300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ պաշտոնատար անձինք, ՀՀ-ում դիվանագիտական
առաքելությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների
ներկայացուցիչներ, լրագրողներ:

migraciayi-mrcuit-1ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ
Եգանյանն իր ողջույնի խոսքում նշեց մրցույթի անցկացման նպատակի և
կարևորության մասին. «Հաճախ մարդիկ անօրինական  միգրանտի կարգավիճակում
հայտնվում են միգրացիայի տարբեր փուլերի վերաբերյալ իրազեկության պակասի
արդյունքում: Հիմնվելով տեղեկատվության կասկածելի աղբյուրների վրա և ցանկալին
ընդունելով իրականության փոխարեն` մարդիկ երբեմն կապում են ճամպրուկներն ու
ճանապարհ ընկնում: Արդյունքում օտարերկրյա պետություններում հայտնվելով առանց
իրավական կարգավիճակի`նրանք խնդիրներ են ստեղծում ինչպես իրենց, այնպես էլ
մուտքի երկրների և ինչու չէ նաև Հայաստանի համար: Բնակչության շրջանում
հավաստի տեղեկատվության տարածումը դասվում է անկանոն միգրացիայի կանխարգելման
միջոցառումների շարքում, որի անհրաժեշտության  մասին  են  վկայում անցկացված
տարբեր սոցիոլոգիական հետազոտություններ: Խնդրի առնչությամբ մեր քաղաքացիների
չափազանցված պատկերացումների և ակնկալիքների վերանայման և նախքան մեկնելը
հավաստի տեղեկատվությամբ ապահովման նպատակով Բելգիայի Թագավորության ներքին
գործերի նախարարությունը ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության և  «Մարդկային
զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ 2012թ. հոկտեմբերի է 1-ից
իրականացնում է «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի
կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման
միջոցով» ծրագիրը, որի մեկ բաղադրիչն էլ այսօր կայացած մրցանակաբաշխությունն
է»:

migraciayi-mrcuitՈղջույնի խոսքով հանդես եկան նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»
ՀԿ-ի փորձագետ Արմեն Գալստյանը և Բելգիայի Թագավորության ներքին գործերի
դաշնային պետական ծառայության միգրացիայի գրասենյակի ներկայացուցիչ Կատի
Վերզելենը:

Այնուհետև մրցույթի ժյուրիի անդամ Լիանա Դոյդոյանը ներկայացրեց ժյուրիի
անդամներին և նյութերի գնահատման չափանիշները. «Աշխատանքները գնահատել է
մասնագիտական ժյուրին, որը կազմված էր լրագրողական կազմակերպությունների
ներկայացուցիչներից՝ Լիանա Դոյդոյան (Ինֆորմացիայի ազատության կենտրոն),
Գեղամ Մանուկյան (Երկիր Մեդիա հ/ը), Գեղամ Վարդանյան (Ինտերնյուզ) և
միգրացիոն հարցերով զբաղվող փորձագետներից՝ Ռուբեն Եգանյան և Վարդան
Գևորգյան: Յուրաքանչյուր նյութի համար առավելագույն գնահատականն սահմանված էր
20 բալ: Նյութերը գնահատվել են անկանոն միգրացիայի տարրերի արտացոլումը և
խնդրի համակողմանի լուսաբանումը հաշվի առնելով»:

Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս