«Րաֆֆի Հովհաննիսյանը թամաշա է սարքել, Անդրիաս Ղուկասյանը բոմժություն էր անում»

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը Ազատության հրապարակի ասֆալտը պատմամշակութային արժեք չի համարում,  սակայն քաղաքային իշխանությունների որոշման հետ, ըստ որի, վրան չի թույլատրվում տեղադրել հրապարակում, համաձայն է:

«Ասֆալտը պատմամշակութային արժեք չի կարող լինել,աուրան, տարածքն է պատմամշակութային արժեք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լևոն Իգիթյանը: Մեր այն հարցին, այդ դեպքում ինչու է քաղաքապետարանն արգելում այդ ասֆալտի վրա վրան տեղադրել, Լևոն Իգիթյանը միանգամից հակադարձեց. «Ճամբար է, ինչ է: Բոշայություն է, քաղաքի կենտրոնում վրան տեղադրել: Ես էլ ուզում եմ Սախարովի հրապարակում վրան դնել»: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչո՞ւ նախագահի թեկնածու, հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին թույլատրվեց ԳԱԱ-ի դիմաց վրան տեղադրել, Լևոն Իգիթյանը պատասխանեց, թե ինքն այն ժամանակ էլ դրան դեմ ՝այն անվանելով բոմժություն: «Որոշողը ես չէի, բայց դրան էլ էի դեմ»,-ասաց մտավորականը:

Լևոն Իգիթյանի համար համոզիչ  չեն ընտրությունների վերաբերյալ բողոքները, ոչ էլ առավելևս՝ ետընտրական գործընթացները: Ըստ Լ.Իգիթյանի, այն այսօր անում է Ր.Հովհաննիսյանը, թամաշա է: «Ինձ համար ահավոր վիրավորական է, որ հինգ հազար տարվա պառավ ժողովուրդ, էդքան արհավիրքները տեսնելով, թամաշա է սարքում, մայմունությունով է զբաղվում»,-ասաց  Իգիթյանը: Այն ճշտմանը, թե հիմա փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը թամաշայով է զբաղված, նա դրական պատասխան տվեց: Այն հարցին, թե ինչպիսի ղեկավար կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Իգիթյանը չի կարող պատասխանել, քանի որ նրան չի տեսել ղեկավար պաշտոններում՝ չնայած, որ լրագրողները հուշեցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է Հայաստանի առաջին արտգործնախարարը:

Լևոն Իգիթյանի համար հստակ էր մի բան: «Ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանն է հաղթել, մնացածը ինձ ոչինչ չի հետաքրքրում: Ինձ ուրիշի կարծիքը չի հետաքրքրում, ոչ էլ իմ կարծիքը պիտի ուրիշին հետաքրքրի»,-հայտարարեց Լևոն Իգիթյանը: 168.am-ի այն հարցին, թե հավատո՞ւմ եք, որ ընտրակեղծիքներ եղել են, Երևանի ավագանու անդամը պատասխանեց. «Ես թույլ եմ տալիս, որ նման եղել է , մենք մեզ գիտենք, մենք սուրբ չենք: Բայց չեմ կարող ասել, թե ով ինչքան: Քսան տարի է՝ ինձ հարց են տալիս՝ հեչ մի անգամ դու բան չտեսա՞ր: Նորից եմ կրկնում,ես չեմ տեսել, բայց չեմ ասում ՝չի լինում»,-ասաց ճարտարապետը:

Կարդացեք նաև

Ի դեպ, մինչ  ասուլիսի մեկնարկը Լևոն Իգիթյանը լրագրողներին զգուշացրեց պրովոկացիոն հարցեր չտալ, զգուշացնելով, որ հակառակ դեպքում՝ կվիրավորի։ Նա նույնիսկ հիշեց մի դեպք, երբ  հայհոյել էր լրագրողին և դուրս հրավիրել: Դժվար  է ասել՝ այս նախաբանը դեր խաղաց, թե Լևոն Իգիթյանն էր այսօր բարեհամբույր տրամադրված, սակայն կարող ենք փաստել, որ ասուլիսն անցավ առանց միջադեպերի:

Տեսանյութեր

Լրահոս