Ադրբեջանը սեփական նավթը Եվրոպա հասցնելու համար գտել է Թուրքիան շրջանցող նոր երթուղի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2016 թվականից սկսելու է նավթ մատակարարել Ուկրաինային, ինչն արվելու է Եվրասիական նավթատրանսպորտային միջանցքի նախագծի շրջանակներում:

Այս մասին նշված է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում: Դրանում ասվում է, որ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 12-ին Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևի ու նրա ուկրաինացի գործընկեր Էդուարդ Ստավիցկու միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ ադրբեջանական նավթի առաջին խմբաքանակն Ուկրաինա ուղարկվելու է արդեն 2016 թվականի սկզբին: Չի բացառվում, որ Ուկրաինան Եվրոպա ադրբեջանական նավթի առաքման հարցում կարող է վերածվել տարանցիկ երկրի: Խոսքը գնում է «Օդեսա-Բրոդի» և «Դրուժբա» նավթամուղերի օգտագործման մասին:

Նախարարները քննարկել են նաև գազային ոլորտի նախագծերի իրագործման հարցը: Դա մասնավորապես վերաբերում է «Անդրանատոլիական» (TANAP) և AGRI (Azerbaijan-Georgia-Romanian Interconnector) գազատարների նախագծին: Այս վերջին նախագիծը ենթադրում է ադրբեջանական հեղուկացված գազը Վրաստանի ու Սև ծովի միջով հասցնել Եվրոպա: Այսինքն այս նախագծի իրագործման դեպքում Թուրքիան հայտնվում է խաղից դուրս վիճակում:

Հիշեցնենք, որ ադրբեջանական նավթն օտար շուկաներ է դուրս գալիս երեք երթուղով՝ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ, Թուրքիա), «Բաքու-Նովոռոսիյսկ» (Ռուսաստան) և «Բաքու-Սուփսա» (Վրաստան):

Տեսանյութեր

Լրահոս