Հայհոյանքներ՝ օպերայում. կռվարար էմոցիոնալ բանաստեղծին Ազատության հրապարակից ոստիկանները տարան (տեսանյութ)

Այսօր առավոտյան Ազատության հրապարակում միջադեպ էր եղել՝ բանաստեղծ ոմն Խաչիկ Կիրակոսյանի մասնակցությամբ: Panorama.am-ի հաղորդմամբ՝ նա հավաքված մարդկանց անվանել էր առանց Համբոյի Գիքորներ, վիրավորել կանանց եւ մի լավ տեսարան սարքել: Ըստ aravot.am-ի՝ երեկոյան Խաչիկը նույն ոճով եկել էր Ազատության հրապարակ: Այս անգամ թիրախը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Պահանջում էր նրանից ԱԺ-ում բարձրացնել իր սրտով հարցեր: Կայքի թղթակցի ներկայության պահին Խաչիկ Կիրակոսյանը դարձյալ իր տարերքի մեջ էր, բարձր-բարձր գոռում էր, շուրջը մարդիկ էին հավաքվել: aravot.am-ի հարցին՝ դո՞ւք եք այն բանաստեղծը, որն առավոտյան միջադեպ էր սարքել, մարդկանց անվանում էր առանց Համբոյի Գիքորներ, վիրավորում էր «Ժառանգության» համախոհ մի կնոջ՝ նա կոստյումը ձգելով պատասխանեց.

«Այո, ես բանաստեղծ Խաչիկ Կիրակոսյանն եմ: Ես կռիվ չեմ արել, բանավիճել եմ: Բարձր խոսելը դեռ չի նշանակում կռիվ: Բանաստեղծ եմ՝ էմոցիոնալ եմ: Բա եթե դուք բոլորդ ասեք՝ ես ճիշտ եմ, դուք սխալ եք, ձեր սխալը տանեք առաջ, ես դառնում եմ կռվարար: Ինտերնետով բանով ինձ դարձրեցիք եսիմ ինչ: Բարի եղեք հանդիպենք, զրուցենք: Ոչ թե ժողովրդին Գիքոր եմ համարում, իմաստը նա էր, որ տեր չունեք: Ես էլ եմ Գիքոր, իրանց հետ տուժվում եմ: Բա էդ ընտրությունների ժամանակ, որ գնում է էդ ժողովուրդը կաշառք է ուտում, էսօրվա մասին մտածո՞ւմ է: Դուս ա գալիս, որ ես եմ սխալ, իրանք ճիշտ են»:

Հավաքվածները նետեցին, թե «քեզ չդնես բանաստեղծի տեղ, Վարդան Սեդրակյանն էլ էպոսագետ էր, հետո՞ ինչ»: Քիչ անց բանաստեղծը իր համար նոր կոչում ավելացրեց՝ պնդելով, թե «Ես միջազգային լրագրող եմ՝ մեկ»: Բանը հասավ նրան, որ մեր բանաստեղծը սկսեց հրել իրեն մեկուսացնել ցանկացող մարդկանց՝ ասելով. «Թող, արա, խոսում եմ լրագրողի հետ»:

Արդյունքում միջամտեցին ոստիկանները: Նրանք բանաստեղծին փորձեցին հեռացնել հրապարակից: Ոստիկանների հետ զրույցում բանաստեղծը հայհոյանքների տարափ էր տեղում իր հետ վիճաբանողների հասցեին եւ շոու սարքում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս