Աղվան Վարդանյան. Ամենայն հավանականությամբ, մենք ևս ընտրություններին կգնանք առանձին
«Այն, որ հացադուլը պայքարի միջոց է, որևէ մեկը չի կարող ժխտել, այն, որ ծայրահեղ միջոց է` նույնպես: Ամբողջ խնդիրը հետևյալն է. այն նշաձողը, որը դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն գործընթացները քաղաքական հարթությունից տեղափոխում է բարոյական-հոգևոր հարթություն և ստեղծում է լրիվ նոր իրավիճակ, ինչը նաև շատ բարդ կացության առաջ է կանգնեցնում բոլորին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը` խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարված հացադուլի մասին:
ՀՅԴ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ ծայրահեղ քայլը կարող է Հայաստանում ստեղծել անկանխատեսելի իրավիճակ և առաջացնել մի ամբողջ հոգեփոխություն, և դրանից հետո հայտնի չէ, թե հասարակությունն ուր կգնա:
«Մնում է փնտրել ելքեր ստեղծված իրավիճակից, իսկ ելքեր գտնելու պարտավորությունը որքան շարժմանը և ընդդիմությանն է, այդքան և գուցե ավելի` իշխանությանը»,- նշեց Ա.Վարդանյանը:
Նա խոսեց նաև Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով գնալու հարցի շուրջ երեք ուժերի` ՀՅԴ-ի, «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» միջև բանակցությունների մասին` արձանագրելով, որ այս երեք ուժերը չկարողացան երեքը միասին գտնել լավագույն լուծումը, այսինքն` միասնաբար գնալ ընտրության: Որպես բանակցությունների ձախողման պատճառ նշելով «մոտեցումների տարբերությունը», սակայն նաև չբացառելով ընդդիմադիր ուժերի միջև «հետընտրական դաշինքի» ձևավորումը` Աղվան Վարդանյանը միաժամանակ ասաց. «Գոնե այսօրվա դրությամբ, ամենայն հավանականությամբ, մենք ևս ընտրություններին կգնանք առանձին»:
Աղվան Վարդանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: