Ստրասբուրգ կմեկնեն միայն ՀՀԿ-ականները

Ապրիլի 21-25-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանը: Այդ միջոցառմանը կմասնակցեն հայկական պատվիրակության միայն ՀՀԿ-ական ներկայացուցիչները` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը:

Մյուս խմբակցությունների ներկայացուցիչներն այդ ժամանակ զբաղված կլինեն Երևանի խորհրդի ընտրություններով: Մասնավորապես, պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի մասնակցի ԵԽ ԽՎ աշխատանքներին, քանի որ նա է գլխավորելու ՀՅԴ ցուցակը: Նույն պատճառաբանությամբ` Ստրասբուրգ չի մեկնի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով գլխավորելու է ՀԱԿ ցուցակը: ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցի ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանին, քանի որ, ամենայն հավանականությամբ, կլինի կուսակցության քարոզչության պատասխանատուն:

Ստրասբուրգ չի մեկնի նաև ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը, ով նույնպես զբաղված կլինի նախընտրական քարոզչության կազմակերպմամբ:

«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը կլինի կուսակցության ցուցակում, և նախընտրական շրջանի այդ վճռական փուլում չի կարողանա հեռանալ Հայաստանից: Այնպես որ, ՀՀԿ-ականները ԵԽ ԽՎ նիստին կմասնակցեն հպարտ միայնության մեջ:
Ինչով է այս իրավիճակը հետաքրքիր: Նախ, որ ՀՀ պետական բյուջեն հսկայական տնտեսում կունենա: Ինչպես հայտնի է, նման գործուղումները մեր բյուջեի վրա բավական ծանր են նստում՝ ինքնաթիռի տոմսերի, հյուրանոցների և օրապահիկների վրա, որը կազմում է մի քանի տասնյակ եվրո, կախված գործուղման ժամանակահատվածից: Որքան փոքր է պատվիրակության կազմը, այնքան մեծ է տնտեսումը:

Կարդացեք նաև

Բայց կա ավելի կարևոր ձեռքբերում: Հայաստանի նախագահական ընտրություններից հետո սա ԵԽ ԽՎ առաջին նստաշրջանն է: Եթե նիստին ընդդիմադիր պատգամավորներ չեն մասնակցում, նրանք չեն կարող սևացնել փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, դրանք չեն հայտարարի եվրոպական չափանիշներին չհամապատասխանող, չեն խոսի ընտրակեղծիքների մասին, չեն պահանջի պատժամիջոցներ կիրառել իշխանությունների և Հայաստանի նկատմամբ:

Իսկ ՀՀԿ ներկայացուցիչները, մնալով առանց ընդդիմության, կարող են ընտրությունները ներկայացնել` որպես հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցած ամենակատարյալ և ամենաժողովրդավարական ընտրությունները: Կարող են հայտարարել, որ դրանք իրենց որակով հավասար էին սկանդինավյան երկրներում անցնող ընտրություններին, և բազմաթիվ այլ երկրներ պետք է օրինակ վերցնեն Հայաստանից:

Հավաստիության համար նրանք կարող են վկայակոչել եվրոպացի դիտորդներին և նրանց արձանագրությունները: Ինչպես նշեցինք, որևէ մեկը նրանց չի ընդդիմանա, և եվրոպացի պատգամավորները կհավատան, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: Հայ ընդդիմադիրներն այդ նույն ժամանակ զբաղված կլինեն, հերթական փայլուն ընտրությունների կազմակերպմամբ:

Տեսանյութեր

Լրահոս