Վրացական կողմը դատապարտել է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Անկվաբի հանդիպումը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի եվրոխական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի ու Աբխազիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Անկվաբի հանդիպումը որակել է որպես ոչ դիվանագիտական ժեստ.
«Մենք սկզբունքորեն տեղյակ չենք նրանց միջև տեղի ունեցած զրույցի բովանդակությունից, մենք չգիտենք դրա մանրամասները: Հնարավոր է՝ նրանք ձևականորեն շնորհակալություն են հայտնել միմյանց: Բնականաբար, այդ հանդիպումը ոչ դիվանագիտական ու անընդունելի է, քանի որ մենք լեգիտիմ քայլ չենք համարում Աբխազիայի այսպես կոչված իշխանության գործող ղեկավարի այցը Ռուսաստան:
Սակայն ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի խորացնենք ու ուժեղացնենք աբխազների ու օսերի հետ մեր հարաբերություններն ու ուղիղ շփումները: Դա շատ կարևոր է բոլոր ուղղություններով»:
Պուտինի ու Անկվաբի երեկվա հանդիպմանն այսօր անդրադարձել է նաև Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Վերջինիս խոսքերով՝ այդպիսի հանդիպումները վնաս են պատճառում ռուս-վրացական հարաբերությունների բարելավմանը.
«Բոլորին, այդ թվում նաև Ռուսաստանին հայտնի է մեր այսպես կոչված «կարմիր գծերի» մասին, որ Վրաստանը երբեք չի հաշտվի Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախության հետ: Մեր ողջ քաղաքականությունն ուղղված է այդ երկու շրջանների ապաօկուպացմանը և դրանց անկախության չճանաչմանը»: