Նիկոլ Փաշինյան. 60 տոկոս ձայնը վստահության ձայն է, բայց Սերժ Սարգսյանը չի ստացել այդ ձայները

168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք երեկ տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի կողմից հնչեցրած հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի ստացած 60 տոկոս ձայնը վստահության ձայն է, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «60 տոկոս ձայնը վստահության ձայն է, բայց Սերժ Սարգսյանը չի ստացել այդ ձայները: Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ և, բնականաբար, Սերժ Սարգսյան անունով նախագահ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և չի ունենա»:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին հարցին, ապա իր դիրքորոշումը չհայտնեց նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մեր հարցին ի պատասխան, թե ՀԱԿ-ին ձեռնտու է մասնակցել ընտրություններին միասնակա՞ն ցուցակով, թե՞ առանձին, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Այս պահին քննարկումների փուլում ենք գտնվում և, ըստ էության, վերջնական որոշում չկա ու ճիշտ չէ պատասխանել ձեր հարցին. առայժմ այս գործընթացների շուրջ խոսելուց ձեռնպահ կմնամ՝ դրանց վրա բացասական ազդեցություն չթողնելու նպատակով»:

Անդրադառնալով ՀԱԿ դաշինքին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դաշինքը գոյություն ունի և իր կարծիքով՝ այն կպահպանվի ու կշարունակի գործել: Դիտարկմանը, թե ՀԱԿ կուսակցությունը չի խոչընդոտի՞ ՀԱԿ դաշինքի ստեղծմանը, պատգամավորն ասաց, որ պետք է հենվել այսօրվա ինֆորմացիայի վրա ու հետագայի մասին հիմա չխոսել, վստահեցնելով, որ ՀԱԿ դաշինքը կա ու իր կարծիքով՝ շարունակելու է գործել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս