
Շվեդիայում Աբդուլլահ Գյուլի իջևանած հյուրանոցից 500 մետր հեռավորության վրա հայտարարվել է «ռմբային տագնապ»

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի շվեդական այցի ժամանակ «ռմբային տագնապ» է հայտարարվել նրանից մոտ 500 մետր հեռավորության վրա:
Նշվում է, որ Գյուլն իջևանել է Ստոկհոլմում գտնվող Grand Hotel-ում, որի մոտ էլ երեկ երեկոյան գրանցվել է այդ միջադեպը: Հյուրանոցից մոտ 500 մետր հեռավորության վրա ընկած տարադրամի փոխանակման կետի առջև հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, ինչից հետո տագնապ է բարձրացվել:
Անմիջապես դատարկվել են շրջակա շենքերը, իսկ Գյուլի իջևանած հյուրանոցի շրջակայքում պարեկություն կատարող ոստիկանների քանակը մեծացվել է: Դեպքի վայր ժամանած սակրավորները հետազոտել են փաթեթի պարունակությունը, սակայն պայթուցիկ չեն հայտնաբերել: Շվեդական ոստիկանությունն ընդլայնել է Աբդուլլահ Գյուլի և նրա պատվիրակության անվտանգության միջոցառումները:
Հիշեցնենք, որ Շվեդիայի հայ համայնքը Աբդուլլահ Գյուլին դիմավորել էր Հայոց ցեղասպանության ճանաչման «օդային ուղերձով»: