Արգենտինայի նախագահը դատապարտել է Ֆոլկլենդյան կղզիներում անցկացված հանրաքվեն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները երեկ քննադատել է Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիներում հանրաքվեի անցկացումը՝ դա որակելով որպես «ծաղրերգություն»:
Հիշեցնենք, որ այդ հանրաքվեն անցկացվել է մարտի 10-11-ին, հանրաքվեի մասնակիցների 98.8 տոկոսը կողմ էր քվեարկել Ֆոլկլենդյան կղզիների՝ բրիտանական տարածքի կարգավիճակի պահպանման օգտին: Հանրաքվեի մասնակցության ցուցանիշը կազմել էր մոտ 92 տոկոս:
Այս կապակցությամբ Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ քվեարկության արդյունքները կանխորոշված են եղել նախապես: Նա հավելել է, որ երկրի կառավարությունը կոչ է անում երկխոսել տվյալ խնդրի շուրջ և կատարել ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը:
Ֆոլկլենդյան կղզիների պատճառով Մեծ Բրիտանիան ու Արգենտինան 74 օր պատերազմել են 1982 թվականին, ինչն ավարտվել է վերջինիս պարտությամբ: Այս կղզիների շուրջ հակամարտությունը վերստին սրվել է այն բանից հետո, ինչ 2010 թվականին բրիտանացիները սկսեցին կղզիների շուրջ իրականացնել նավթահանքերի հետախուզման աշխատանքներ: