«Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի ընդլայնման աշխատանքները կավարտվեն 2018 թվականին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավ-կովկասյան) գազատարի ընդլայնման աշխատանքները պլանավորված է ավարտին հասցնել 2018 թվականին: Դրանով առաքվելու է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում ստացվելիք գազը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը հայտարարեց, որ ԲԹԷ-ն այնպես է ընդլայնվելու, որ 2017 թվականից հետո նրա տարեկան թողունակությունը հասցվի մինչև 25 միլիարդ խորանարդ մետրի, իսկ ավելի ուշ` մինչև 45 միլիարդ խորանարդ մետրի:

Ընդլայնված ԲԹԷ-ն ադրբեջանական գազը կհասցնի Թուրքիայի արևելյան սահմաններ, որտեղից էլ այն դեպի ԵՄ-ի (թուրք-բուլղարական) սահման կուղղվի կառուցվելիք «Անդրանատոլիական» գազատարով (TANAP): Վերջինիս տարեկան թողունակությունը սկզբնական շրջանում կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիոն խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիոնը՝ Եվրոպայի համար:

Պլանավորված է, որ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) TANAP-ի տարեկան թողունակությունը կազմելու է 23 միլիարդ, մինչև 2026 թվականը` 31 միլիարդ և վերջին փուլում` 60 միլիարդ խորանարդ մետր գազ:

Տեսանյութեր

Լրահոս