Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը դատապարտել է Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիայի բռնի ցրումը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը դատապարտել է մարտի 10-ին Բաքվի կենտրոնում անցկացված բողոքի ակցիայի բռնի ցումը և նախօրեին մի շարք ակտիվիստների ձերբակալումը: Այս մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կայքում.
«Ես տեսել եմ մամուլի հաղորդագրությունները, որ իշխանությունները մարտի 10-ի հանրահավաքի նախօրեին ձերբակալել են մի քանի երիտասարդ ակտիվիստի: Ապա, հակառակ միջազգայնորեն ճանաչված չափորոշիչների, այդ ակտիվիստներից երեքին ցուցադրեցին հեռուստատեսությամբ, որում նրանք խոստովանեցին հանցագործություն կատարելը:
Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ: Նա նաև ձերբակալել է մի քանի ցուցարարի: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կարող է իրագործել իր մեծ ժողովրդավարական ու տնտեսական պոտենցիալը, սակայն եթե Բաքվի կառավարությունը հարգի խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, ապահովի օրենքի գերակայություն և ցանկություն հայտնի իմաստավորված երկխոսության մեջ մտնելու իր քաղաքացիների հետ այն հարցերի շուրջ, որոնք մտահոգում են հասարակությանը»: