Թուրքիան սկսել է գրանցել ճամբարներում չբնակվող սիրիացի փախստականներին

ՄԱԿ-ի ռադիոյի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները սկսել են սիրիացի փախստականներին ընդլայնված գրանցման գործընթացը: Խոսքը գնում է Սիրիային սահմանամերձ շրջաններում կառուցված 17 ճամբարներից դուրս բնակվող սիրիացի փախստականների մասին:

Մինչ վերջերս Անկարան պաշտոնապես փախստական է համարել միայն նրանց, ովքեր գրանցվել են այդ ճամբարներում: ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով վարչության ներկայացուցիչ Ադրիան Էդվարդսը ողջունել է Թուրքիայի այդ քայլը՝ ընդգծելով, որ դրանով իսկ Սիրիայի ևս 70.000 քաղաքացի, որոնք փրկվել են իրենց հայրենիքում ընթացող բախումներից, պաշտոնապես կստանան փախստականի կարգավիճակ, ինչը նրանց համար կերաշխավորի անվտանգություն, տանիք, սնունդ ու բուժօգնություն.

«Մինչ այս գրանցվել է փախստականների ճամբարներից դուրս բնակվող 40.000 սիրիացի, ևս 30.000-ը հերթ է կանգնել գրանցման համար: Այդպիսով, Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների ընդհանուր քանակն աճել է և այսօր հասել է 258.200-ի»:

Թուրքիայում է գտնվում ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը, ով այցելել է սիրիացի փախստականների ճամբարներ և քննարկում է փախստականների խնդիրները: Այսօր նա այցելելու է Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ, իսկ մյուս օրը՝ Լիբանան: Նրա տվյալներով՝ ներկայումս հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականների քանակը կազմում է 1.1 միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Թուրքիան սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր՝ սիրիացի փախստականների վրա ծախսել է մոտ 1.5 միլիարդ դոլար: Բացի այդ, նշվում էր, որ Թուրքիայում (ճամբարներում) սիրիացի փախստականների քանակն այժմ կազմում է ավելի քան 185.000 մարդ: Սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո ընդհանուր առմամբ Թուրքիա է ժամանել ավելի քան 250.000 սիրիացի փախստական, որոնցից 73.000-ն արդեն իսկ վերադարձել են հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս