
Իրանի ու Իրաքի ռազմածովային ուժերը ստորագրել են համագործակցության համաձայնագիր

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերը և Իրաքի ռազմածովային ուժերը ստորագրել են միմյանց միջև համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր:
Այդ համաձայնագիրը ստորագրվել է երեկ, իրանական կողմից դրա վրա իր ստորագրությունը դրել է Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալի Ֆադավին և Իրաքի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Հուսեին Ալին:
Փաստաթղթում խոսք է գնում երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության ընդլայնման, ռազմածովային ուժերի փոխադարձ այցերի կատարման և համատեղ զորավարժությունների անցկացման մասին:
Ֆադավիի խոսքերով՝ ստորագրված համագործակցությունը սկիզբ կդնի երկու երկրների միջև Պարսից ծոցում էլ ավելի սերտ համագործակցությանը: