Թող ոչ մեկն իմ անվան հետ չկապի տասը դիակները. Պատասխանատվությունը ուրիշ տեղ է (տեսանյութ)
Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես մարտի մեկին Պետերբուրգում էի, Ստրասբուրգի, ԵԽԽՎ անունից Ռուսաստանի ընտրություններին որպես դիտորդ էի մասնակցում: Ցավում եմ, որ մարտի մեկին Երևանում չէի: Պետք է գայի ու գնայի Բաքու, բայց չգնացի: Երբ իմացա Մարտի մեկի ողբերգության մասին, կարճ կապեցի իմ առաքելությունը Պետերբուրգում ու Երևան հասա առավոտյան, գնացի հիվանդանոցներ՝ տեսակցելու վիրավորներին: Իմացա ողջ եղելությունը: Թող ոչ մեկն իմ անվան հետ չկապի տասը դիակները, նույնիսկ հռետորաբանության համար, որովհետև այդ տասը դիակների պատասխանատվությունը պատկանում է ուրիշ տեղ: Հայ ժողովուրդը ողջ ճշմարտությունը չգիտի այդ տեղերի մասին»:
Ինչ վերաբերում է անցած նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությանը Սերժ Սարգսյանի երդման արարողությանը, ընդդիմության առաջնորդն ասաց. «Ես որոշեցի իմ ընդդիմությունը ներկայացնել ներկայությամբ և ոչ բացակայույամբ: Սև «վադալասկայով», սևազգեստ գնացի լսեցի ու դուրս եկա շենքից, և ով ասեց, որ շամպայն եմ խմել կամ շնորհավորել Սերժ Սարգսյանին, ներողություն եմ խնդրում իրենից»:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք սպասո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանին, ով այդպես էլ չեկավ նախկինում, երբ կրկին հացադուլի մեջ էիք, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ոչ մի ինքնամաքրման գործողության՝ հացադուլի ժամանակ, չեմ սպասել որևէ մեկին: Ով եկել է, եկել է կամովին: Ես շնորհակալ եմ իրենց այդ կամքի համար, և ոչ մեկ պարտադիր չի եկել: Ով գալիս է, գալիս է իր կամքով և դա ավելի մեծ արժեք է, քան որևէ սպասում»: