Լևոնը շարունակում է գերադասել Սերժին

Անկախ նրանից՝ ի՞նչ շարունակություն կստանա «Ժառանգություն» կուսակցության նախագահ, պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն Ազատության հրապարակում, ակնհայտ է, որ գոնե առայժմ դա որոշակի սպասումներ է առաջացրել հասարակության շրջանում: Հացադուլը ծայրահեղ քայլն էր, որին դիմել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և առաջիկա օրերը, գուցե շաբաթները ցույց կտան դրա ազդեցությունը հանրային-քաղաքական կյանքի վրա: Հացադուլի առաջին իսկ օրերը ցույց են տվել, որ հասարակության, այսպես ասած՝ առողջ հատվածի տասնյակ-հարյուրավոր ներկայացուցիչներ արձագանքել են Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլին և իրենց զորակցությունն են հայտնել նրան՝ այցելելով Ազատության հրապարակ:

Մեծ հավանականությամբ, քաղաքացիների, քաղաքական, հանրային գործիչների հոսքը դեպի Ազատության հրապարակ շարունակվելու է նաև առաջիկա օրերին: Այսինքն՝ աստիճանաբար գեներացվում է նոր իրավիճակ, որի հետ իշխանությունը հաշվի չնստել ուղղակի չի կարող: Հենց դրա վկայությունն էր նաև նախագահ Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու առաջարկը: Այսինքն՝ իշխանությունը, չնայած խոսնակների՝ իրավիճակի սրված չլինելու մասին հերթապահ հայտարարություններին, այդուհանդերձ, ընդունում է իրադրության լրջությունը: Ընդունում է՝ հասկանալով դրա հնարավոր վտանգները սեփական դիրքերը պահպանելու տեսանկյունից:

Այսօր մի կողմում իշխանությունն է, մյուս կողմում՝ իշխանությանը դեմ հատվածը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա համախոհները, քաղաքական տարբեր ուժերի գործիչներ, հանրային դեմքեր, հազարավոր քաղաքացիներ: Իրավիճակի նրբությունն այն է, որ բոլոր նրանք, ովքեր չեզոքություն են պահպանում, ավելի պարզ ասած՝ ֆիզիկական և քաղաքական ներկայությամբ Ազատության հրապարակում չեն, ակամա գտնվում են իշխանության կողմում: Ու այս ֆոնին, առաջին հերթին, առանձնանում է իրեն դեռևս ընդդիմության առաջնորդ համարող Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուղիղ հինգ տարի առաջ Ազատության հրապարակում էր:

Ընդ որում, բոլոր նրանց, ովքեր այդ օրերին չէին միանում Ազատության հրապարակում ծավալվող շարժմանը, անվանում էր դավաճան, իշխանությանը ծախված, և այլն, և այլն: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանն այն ժամանակ Ազատության հրապարակում էր: Թեև Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմակիցները չեն կիրառում այն ագրեսիվ հռետորաբանությունը, որը բնորոշ էր 2008 թվականի շարժմանը, բայց եթե շարժվենք նույն այդ ժամանակաշրջանի տրամաբանությամբ, ստացվում է, որ Տեր-Պետրոսյանն ու նրա համակիրները դավաճաններ են կամ ծախվել են իշխանությանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր (է) եթե ոչ՝ քաղաքական, ապա՝ գոնե քաղաքավարական այց կատարել Ազատության հրապարակ՝ դրանով ցույց տալով ոչ թե իր ստորադասումը Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ հավատարմությունն «ավազակապետության դեմ պայքարին»:

Այս օրերին դիակների թեման ակտուալ է դարձել մեր հանրային-քաղաքական օրակարգում: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կարող է երդվել որպես նախագահ՝ միայն իր դիակի վրայով: Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, այս պահին դժվար է ասել: Սակայն, անկախ դրանից, ակնհայտ է՝ բոլոր նրանք, ովքեր իրադարձություններին կհետևեն կողքից, կհամալրեն քաղաքական դիակների շարքերը:

Տեսանյութեր

Լրահոս