«Եթե մանդատները վայր դնեն, կարգին տղամարդու քայլ կանեն». Սոս Գիմիշյան

«Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական լուծումների դաշտից տեղափոխվել է հուզական դաշտ: Իռացիոնալ մոտեցում է, բայց բոլոր իռացիոնալ մոտեցումներն անսպասելի արդյունքներ կարող են տալ: Ես չգիտեմ՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց պետք է սպասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ հացադուլը համարում է քաղաքական պայքարի դրսևորում, սակայն, ըստ էության,  ծայրահեղ քայլ է: «Եթե մարդը գնում է  այդպիսի քայլի, նշանակում է՝ պայքարի մյուս միջոցները սպառված է համարում»,- նշեց Գիմիշյանը՝ հավելելով, որ հարգում է ցանկացած պայքարող մարդու՝ անկախ պայքարի ընտրած ձևից: Ս. Գիմիշյանի խոսքերով, կարևորն այն է, որ  այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը չվնասի առողջությունը: Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ երկրորդ տեղը զբաղեցրած  նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ից հացադուլ է հայտարարել:

Չնայած փետրվարի 20-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին ետընտրական հավաքի ժամանակ, 168.am-ի հետ զրույցում Սոս Գիմիշյանն ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանից սպասելիքներ չունի, և փետրվարի 20-ի հանրահավաքը կլինի առաջինը և վերջինը, սակայն ծավալվող իրադարձությունները փոխել են կուսակցության դիրքորոշումը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ միանում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, և որպես քաղաքական կառույց՝ զորակցում ենք այդ պայքարին»,- նշեց Սոս Գիմիշյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում նրա ղեկավարած կուսակցությունը, որը Հայ ազգային կոնգրես  դաշինքի անդամ է, պաշտոնապես սատարեց դաշինքի մեկ այլ անդամ համարվող «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին:

Անդրադառնալով  նույն դաշինքի նախկին անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ուղղված՝  երեկ հնչեցրած առաջարկին՝ պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ, Սոս Գիմիշյանն ասաց, որ  ինքը կողմ է նման մոտեցմանը: Նա ավելացրեց, որ ինքը կողմ չի եղել անգամ նրան, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վերցնի մանդատները, բայց,  քանի որ սխալն արդեն արված է, այն կարելի է ուղղել: «Եթե մանդատները վայր դնեն, կարգին տղամարդու քայլ կանեն: Դա, իհարկե, կփոխի քաղաքական իրավիճակը, բայց համոզված եմ, որ նման քայլի չեն դիմի, քանի որ դրանք անձնավորված մանդատներ են»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված հանդիպման  առաջարկին, ապա այն, Ս. Գիմիշյանի կարծիքով, ժամանակավրեպ է: «Քանի որ այդ առաջարկն արվել է այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նստել է հացադուլի, կասկած կա՝ որքանո՞վ է այդ առաջարկն անկեղծ, ինչքանո՞վ միտում կա բանակցելու, լուծումներ առաջարկելու: Ի վերջո, այդ լուծումները միայն Րաֆֆի Հովհաննիսյանին պետք չեն, ամբողջ երկրին են պետք: Ակնհայտ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի նստելուց հետո չի կարող գնալ հանդիպումների, բանակցությունների, դա կլինի առևտուր»,- նկատեց Սոս Գիմիշյանը: Նրա կարծիքով, եթե իշխանություններն անկեղծորեն երկրում ցանկանում են հարցեր լուծել՝ առանց  Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումների էլ կարող են հայտարարել քաղաքական լուծումների մասին: Այդ լուծումներից նվազագույնը, Սոս Գիմիշյանի համոզմամբ, Ազգային ժողովի լուծարումը կլինի: «Դրանից պակաս արդեն առևտուր է»,- նշեց Սոս Գիմիշյանը:

Տեսանյութեր

Լրահոս