«Ժառանգությունը» պարտավոր է հրաժարվել մանդատներից

Հիմնական հարցը, որ այսօր հուզում է քաղաքական գործընթացներով հետաքրքրվողներին, այն է, թե ի՞նչ է լինելու հետո: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլ հայտարարելու քայլը ծայրահեղ միջոց էր, որն առաջին հերթին և առայժմ՝ առավելապես բարոյական հարթության գործողություն է: Թեև չպետք է բացառել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե ունի նաև պահեստային քայլեր, որոնց մասին դեռևս գերադասում է չխոսել, սակայն հացադուլի քաղաքական շարունակությունն առայժմ չի նշմարվում: Հստակ է միայն այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի լքելու Ազատության հրապարակը: Անգամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու նպատակով:

Այդուհանդերձ, այս պահին դեռևս փակուղային թվացող վիճակից դուրս գալու առաջարկ հնչել է: Հնչել է Ազատության հրապարակում: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելությունից հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրավիճակից դուրս գալու ելք կարող է լինել Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու քայլը: Ավելի վաղ հանրահավաքում նման առաջարկ ներկայացրել էր նաև «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Այս առաջարկը, մի կողմից՝ կարող է քաղաքական շարունակություն հաղորդել Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, մյուս կողմից՝ կարող է դառնալ ինդիկատոր՝ ցույց տալով, թե «ժողովրդի կողքին» կանգնած ուժերն ու գործիչները որքանով են անկեղծ իրենց հայտարարություններում, և մինչև ո՞ւր կարող է հասնել նրանց զոհողությունը: Քաղաքական իմաստով՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մանդատների վայր դնելը կարող է իրական հիմք դառնալ խորհրդարանը լուծարելու համար, ինչն, ի դեպ, ընդգրկված էր իշխանության հետ խորհրդակցությունների օրակարգում:

Ազգային ժողովի նոր ընտրություններ անցկացնելու պահանջը, այսպես թե այնպես,  եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի օրակարգում: Բայց այդ պահանջը խոցելի էր այն առումով, որ, ինչպես իշխանական խոսնակներն էին ասում՝ զուրկ էր իրավական հիմնավորումից: Սակայն, եթե ԱԺ ընդդիմադիր պատգամավորները միասնաբար վայր դնեն մանդատները, ապա դա կարող է փոխել իրավիճակը և իշխանությանը ստիպել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Իհարկե, ընդդիմությունն ԱԺ-ում փոքրամասնություն է, և իշխանությունը կարող է հակադարձել, որ ընդդիմադիր պատգամավորների բոյկոտը որևէ կերպ չի ազդում խորհրդարանի աշխատանքի վրա:

Սակայն ընդդիմության կողմից ԱԺ-ի աշխատանքը բոյկոտելու միջազգային հնարավոր արձագանքը և հնչեղությունը կարող է այնքան մեծ լինել, որ իշխանությունների այդ՝ ֆորմալ հիմնավորումը «չի փրկի»:

Պատգամավորական մանդատները վայր դնելու առաջարկը բավական պայթյունավտանգ է և կարող է բացահայտել շատերի իրական դեմքը: Հատկապես, եթե հիշենք, թե ինչպիսի՞ պայքար էր ընթանում ընդդիմադիր գործիչների շրջանում խորհրդարանի անցողիկ տեղերում հայտնվելու համար, ապա մանդատներից հրաժարվելու քայլը գրեթե անհավանական է թվում: Սակայն, մինչ մնացած ընդդիմադիր ուժերին հասնելը՝ մանդատները կարող են վայր դնել ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները՝ դրանով ցույց տալով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի, կամ, ինչպես վերջինս է հայտարարում՝ ժողովրդի պայքարի համար պատրաստ են նաև անձնազոհության: Մինչև «Ժառանգության» պատգամավորները նման քայլ չանեն, նրանք չեն կարող դա ակնկալել, առավել ևս՝ պահանջել այլ ընդդիմադիր պատգամավորներից:

Անկախ ամեն ինչից, այս առաջարկը շատ օգտակար կարող է լինել եթե ոչ՝ ընթացիկ շրջափուլի տեսանկյունից, ապա՝ գոնե այն իմաստով, որ վերջնականապես կբացահայտվեն այն մարդիկ, որոնց համար պատգամավորի մանդատը, ինչպես իրենք են հայտարարում՝ ընդամենը միջոց է պայքարելու համար, և նրանք, ովքեր հանուն այդ մանդատի պատրաստ են ամեն ինչի:

Տեսանյութեր

Լրահոս