Իրանն ամերիկյան «անտեսանելի» հետախուզական ինքնաթիռին հարկադրել է նահանջել
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի անվտանգության ուժերին հաջողվել է ռադիոտեղորոշիչ սարքերի միջոցով նկատել ռադարների համար անտեսանելի համարվող ինքնաթիռին: Այս մասին հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության «Հաթամ ալ-Անբիա» ռազմաբազայի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Իսմաիլին:
Վերջինիս խոսքերով՝ այն բանից հետո, ինչ իրենք հայտնաբերել են այդ ինքնաթիռը, համապատասխան զգուշացում են արել նրա օդաչուներին, ինչից հետո ինքնաթիռը լքել է Իրանի տարածքը: Գեներալի խոսքերով՝ դա եղել է ամերիկյան Lockheed U-2 ինքնաթիռ, որը հայտնի է նաև որպես Dragon Lady:
Վերջինս Օմանի կողմից մոտեցել է Իրանի սահմանին և նկատվել է իրանական համակարգերի կողմից, ինչը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության 34-ամյակի նշման օրերին (փետրվարի սկզբներին):
Նշվում է, որ Dragon Lady-ն մեծ բարձրություններում գործող հետախուզական ինքնաթիռ է, որը լայնորեն կիրառվում է նաև ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից: