
Իրանն ուժեղացնում է Կասպյան նավատորմը

Irib News-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Կասպից ծովում ջուրը կիջեցվի «Ջամարան 2» էսկադրոնային ականակիրը, որը կհամալրի Իրանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի կազմը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին:
Վերջինիս խոսքերով՝ «Ջամարան 2» էսկադրոնային ականակիրը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ընդգծելով, որ այն կլինի Կասպից ծովում խաղաղության ու բարեկամության դեսպան: «Ջամարան 1»-ը Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի կազմը համալրել է 2010 թվականի փետրվարին: Այն մշակվել և արտադրվել է իրանցի մասնագետների կողմից:
«Ջամարանն» ունակ է պայքար մղել հակառակորդի սուզանավերի, թռչող սարքերի և վերջրյա ռազմանավերի դեմ: Բացի այդ, էսկադրոնային ականակիրն ունի ուղղաթիռային հարթակ և կարող է օգտագործվել նաև «էլեկտրոնային պայքարում»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանն ու Ադրբեջանը շարունակ վիճարկում են ոչ վաղ անցյալում Կասպից ծովում հայտնաբերված «Սարդար Ջանգալ» նավթահանքի պատկանելությունը, որի պաշարները գնահատվում են մի քանի միլիարդ բարել: