
Աբդուլլահ Օջալանը զինաթափման մասին իր կոչն անելու է տեսանյութի միջոցով

Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում, զինաթափման մասին իր կոչը մարտի 21-ին (Նովրուզ) հնչեցնելու է տեսանյութի միջոցով:
Օջալանը ցանկություն է հայտնել, որ քուրդ զինյալներն անձամբ տեսնեն իրեն ու լսեն իր ձայնը: Նա չի ցանկացել, որ զինաթափման մասին կոչը հնչեցնի միջնորդների միջոցով: Դրա հետ մեկտեղ Օջալանը պատրաստել է խաղաղ ճանապարհով «Քրդական հարցի» կարգավորման «ճանապարհային քարտեզ»:
Միևնույն ժամանակ Շվեդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ մոտենում է Նովրուզը, և իրենք ցանկանում են խուսափել Նովրուզի տոնակատարության ժամանակ ոչ չափավոր գործողություններից: Նա ընդգծել է, որ ահաբեկչության դեմ կարելի է պայքարել ոչ միայն զենքով, այլև՝ այլ միջոցներով, ինչն էլ ներկայումս անում է Թուրքիան: