Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրում է իր նստարանի վրա բաց կամ փակ քննարկման

Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսին  կոչ արեց, որ նա, ով տխուր դեմքով է գալու, թող տանը նստի, հաղթահարի տխրությունը, հետո գա հրապարակ: Ր. Հովհաննիսյանը նշեց, որ ապրիլի 9-ից հետո «այս երկարատև երկունքից հետո ծնվելու է նոր Հայաստանը»: Անդրադառնալով  Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերին` նա ասաց. «Այս սուտ ու կեղծիքի մեջ կա այսօր նախագահական նստավայրից արձակված հերթականը, որ ես իբր թե մերժել եմ որևէ մի հանդիպում: Դուք ինձ լավ ճանաչում եք, և ես բաց եմ հաղորդակցության բոլորի հետ անխտիր: Նրանք, ովքեր ինձ հարվածել են, պախարակել են, ընտանիքիս նեղել են, բայց եթե երկխոսությունը կարող է հարց լուծել, ես միշտ կողմնակից եմ, և ես փաստել եմ դա ոտքով գնալով Բաղրամյան 26,  դնելով ժողովրդի և իմ պահանջները, հանգուցալուծելու համար հայ ժողովրդի ցավը, իշխանությունն իրեն վերադարձնելու , հաղթանակն ամրագրելու համար և  ամեն ինչ մերժվեց, դրանից հետո ես նրան հրավիրեցի Ազատության հրապարակ, ինքը չեկավ, դրանից հետո նույն հրապարակից ասացի, որ մինչև մարտի 10-ը ժամը 5-ը, ես կգնամ այդ գրասենյակները, որովհետև դրանք պատկանում են Հայաստանի ժողովրդին, հրավիրեք` ես կգնամ, իրենք չհրավիրեցին: Այնպես որ, ես արդեն հայտարարել էի նոր պայքարի այս հանգրվանի մասին, և ասել էի, որ մինչև ապրիլի 9-ը ժողովուրդը մնալու է հրապարակում, նոր իմացանք, որ հետաքրքրություն կա, որ այցելեմ գրասենյակ»:

Ր. Հովհաննիսյանի փոխանցմամբ` երեկ ինքը հաշվետվությամբ ասել է, որ այսուհետ ով ուզում է խոսել իր հետ` որպես հայ ժողովրդի շարքային ներկայացուցիչ, կարող է գալ Ազատության հրապարակ: «Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որևէ մի  առաջարկ հանդիպման կամ հաղորդակցության: Ձեր նստավայրը ստում է, կեղծում է, և ես այլևս պիտի չանդրադառնամ այդ վարքին: Ես հիմա ասում եմ, որ Ձեզ հարմար օր և ժամ հրավիրում եմ այդ զրույցը, այդ երկխոսությունը, այս համազգային տագնապը հաղթահարելու համար մեր նստարանի վրա բաց կամ փակ քննարկման, որոշումը Ձերն է: Ես կողմ եմ բաց քննարկման, ես դա ասում եմ, որովհետև անցած անգամ Դուք մոնտաժեցիք իմ խոսքը, որ ոնց որ ես դեմ էի: Եթե Դուք ուզում եք փակ, կհարգեմ. կանենք այստեղ, նստարանի վրա կամ ներս կգնանք սրճարան, ինչպես Դուք հարմար և երբ Դուք հարմար նկատեք»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս