
«Նախագահի հետ մենք հիմնականում քննարկում ենք շախմատային հարցեր»

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է առաջարկել մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններում ընդգրկվել Հայաստանի հանրապետական կուսակցության(ՀՀԿ) ցուցակում: Ցուցակը երկրորդ տեղը զբաղեցնող գրոսմայստերի խոսքերով, ինքն առաջին անգամ է հայտնվում որևէ կուսակցության ցուցակում, սակայն կարծում է՝ կկարողանա արդյունավետ աշխատել:
«Առաջարկը եղել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Նա շատ է ցանկանում, որ ես լինեմ ավագանու շարքերում և իմ մոտեցումներով օգտակար լինեմ քաղաքապետարանի աշխատանքներին: Մեր խոսակցություններում ես հասկացրել եմ քաղաքապետին, որ իմ ձգտումն է միշտ տեսնել լավը և եթե դա չլինի, ես կլինեմ առաջին պայքարողը: Որքան հասկացա, այդ մոտեցումը շատ հաճելի էր նրան, և նա կցանկանար, որ հենց այդպիսի մարդիկ համալրեին ավագանու շարքերը, որոնք կպաշտպանեին հասարակության շահերը: Ես ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգտակար լինել որևէ հարցում»,-«168Ժամ» թերթի հետ զրույցում ասաց Սմբատ Լպուտյանը:
Նրա խոսքերով, Երևանի ավագանու ընտրությունների մասին ՀՀԿ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի խոսել, առհասարակ վերջինիս հետ հիմնականում զրուցում են շախմատի մասին: «Նախագահի հետ մենք հիմնականում քննարկում ենք շախմատային հարցեր, թեև երբեմն ես կարող եմ բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ»,-նշեց Ս. Լպուտյանը:
Սմբատ Լպուտյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168Ժամ» թերթի վաղվա համարում