
Վրաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավարը վերադառնում է Մոսկվայից՝ գլխավորելու համար ռուսամետ շարժումը

Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Վալերի Խաբուրձանիան Մոսկվայից վերադառնում է Թբիլիսի՝ գլխավորելու համար երկրի քաղաքական կյանքոմ ռուսամետ շարժումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է միավորել Վրաստանի քաղաքական կյանքի ռուսամետ դաշտը և ստեղծել ռուսամետ ուղղվածությամբ քաղաքական կուսակցություն.
«Վրաստանում տեղի է ունեցել քաղաքական ուժերի տարանջատում, և ներկայումս գոյություն ունեն արևմտամետ, ամերիկամետ ու ռուսամետ ուժեր: Կան նաև ազգային կողմնորոշման խմբեր: Ռուսամետ լինելը չի նշանակում իրականացնել ռուսական շահեր:
Ռուսամետ նշանակում է վրացական ու ռուսական համընկնող շահերի իրագործում: Ոչ ոք չի հրաժարվում արևմտյան արժեքներից: Մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ պետք է ունենանք ավելի սերտ հարաբերություններ՝ ընդհուպ մինչև նրա հետ տարածաշրջանային միավորումներում գտնվելը»:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի առջև արժանիքներ ունի Պանկիսի կիրճի խնդրի լուծման հարցում, որով չեչեն զինյալները ներթափանցում էին Ռուսաստան: Խաբուրձանիան համարվում է «Վարդերի հեղափոխության» մասնակից և դրանից որոշ ժամանակ անց մնացել է նախարարի պաշտոնում:
Սակայն որոշ ժամանակ անց Սաակաշվիլին նրան հեռացնում է զբաղեցրած պաշտոնից, ընդգծելով, որ Պուտինի դասընկեր, Ռուսաստանի ազդեցության գործակալը չի կարող Վրաստանում գտնվել այդպիսի բարձր պաշտոնում: