Բաժիններ՝

Ամերիկացիները չինական բանկերում հայտնաբերել են Կիմ Չեն Ինին պատկանող հարյուր միլիոնավոր դոլարներ

Կորեական «Չոսոն Իլբո» թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունները մի քանի տասնյակ հաշվեհամարներ են հայտնաբերել չինական բանկերում, որոնցում պահվում են հարյուր միլիոնավոր դոլարներ:

Նրանք վստահեցնում են, որ այդ գումարները պատկանում են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին: Վաշինգտոնն ու Սեուլը հավաքած այդ տվյալները հանձնել են Չինաստանի իշխանությունները՝ առաջարկելով փակել այդ հաշվեհամարները՝ ոչ վաղ անցյալում ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևին համապատասխան: Սակայն Պեկինն առանց խանդավառության է ընդունել այդ տվյալները:

Թերթը պնդում է, որ ամերիկյան ու հարավ-կորեական հետախուզական ծառայությունները մի քանի տարի են ծախսել այդ հաշվեհամարների հայտնաբերման ու ստուգման վրա, որոնք, նրանց պնդմամբ, բացվել են այլոց անուններով: Այժմ նրանք ունեն ապացույցներ, որ այդ գումարը պատկանում է հյուսիս-կորեական առաջնորդին:

Նախորդ շաբաթ ՄԱԿ ԱԽ-ը ընդունեց Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցների խստացման մասին բանաձևը՝ ի պատասխան Փխենյանի կողմից միջուկային երրորդ փորձարկման: Այդ փաստաթղթով ՄԱԿ-ի անդամ երկրներին արգելվում է խոշոր չափի բանկային փոխանցումներ կատարել Հյուսիսային Կորեային, որոնք նա կարող է օգտագործել իր միջուկային-հրթիռային ծրագրի զարգացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս