
Թուրքիան ամենավերջում բանտից կազատի Օջալանին և նրան կդարձնի քաղաքական դերակատար. Ջենգիզ Չանդար

Թուրքական Radikal թերթի սյունակագիր Ջենգիզ Չանդարը չի բացառել, որ Թուրքիայի իշխանությունները կարող են ազատ արձակել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում.
«Նովրուզից (մարտի 21) առաջ Օջալանը կարող է հնչեցնել հրադադարի մասին իր կոչը և մինչև հուլիս PKK-ի զինյալները կարող են լքել Թուրքիայի տարածքը: Վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու Աբդուլլահ Օջալանն աշխատում են նոր Թուրքիայի մոդելի ստեղծման ուղղությամբ:
Այդ նոր Թուրքիայում քրդերը կլինեն իշխանությունների գործընկերը: Ներկայումս բավական բարդ է այդ մասին խոսելը: Եթե այս երկրում հարցը լուծվի Օջալանի հետ, ապա այդպես էլ կլինի: Թուրքիան ամենավերջում բանտից կազատի Օջալանին և նրան կդարձնի քաղաքական դերակատար»: