Մեկ ամսից Իտալիայում էկրաններին կբարձրանա թուրքերին զայրացնող «1683 թվականի սեպտեմբերի 11» ֆիլմը (լուսանկարներ)
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ապրիլի 11-ին Իտալիայում էկրաններին է բարձրանալու թուրքերին զայրացնող մի ֆիլմ: Խոսքն իտալացի ռեժիսոր Ռենզո Մարտինելիի «1683 թվականի սեպտեմբերի 11» ֆիլմի մասին է:
Ֆիլմում պատմվում է հոգևորական Մարկո դ’Ավիանոյի կյանքի մասին, որի շնորհիվ հաջողվեց Վիեննան չհանձնել այն պաշարած թուրքերին: Նշվում է, որ ֆիլմն արդեն իսկ մեծ քննարկումների տեղիք է տվել: Մարտինելին հայտարարել է, որ ֆիլմը բնավ չունի հակաիսլամական ուղղվածություն:
Նա հավելել է, որ ֆիլմում չեն գովերգվում խաչակրաց արշավանքները և փոխարենը պատմվում է հոգևորական Մարկո դ’Ավիանոյի մասին, ով զորքերին համոզում է կռվել օսմանցիների դեմ, ինչը եթե չարվեր, ապա համաշախարհային պատմությունը կարող էր այլ ընթացք ունենալ:
Ռեժիսորը շրջադարձային կետ է համարել 1683 թվականի սեպտեմբերի 11-ին Վիեննայի մոտ թուրքերի կրած պարտությունը՝ ընդգծելով, որ այն որևէ կապ չունի 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչական հարձակումների հետ:
Իտալա-լեհական այս ֆիլմը ցուցադրվելու է նաև Իտալիայի RAI պետական հեռուստատեսությամբ՝ երկու մասով: Ֆիլմի նկարահանումն արժեցել է 10 միլիոն դոլար: Ռազմական գործողությունների տեսարանները նկարահանվել են Ռումինիայում:
Հիշեցնենք, որ 1683 թվականին Օսմանյան կայսրության զորքերը երկու ամիս շարունակ պաշարում են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան: Նույն թվականի սեպտեմբերի 11-ին Վիեննայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում քրիստոնյաներին հաջողվում է հաղթանակ տանել, որով և մշտապես վերջ է տրվում եվրոպական տարածքներում Օսմանյան կայսրության զավթողական պատերազմներին: