Բաժիններ՝

Թուրքական Göktürk 3 արբանյակը տիեզերք կարձակվի 2019 թվականի վերջին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել թուրքական Göktürk 3 արբանյակի արձակման ժամկետը: Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մուժդատ Ուլուդաղը հայտարարել է, որ դա տեղի կունենա 2019 թվականին.

«Մենք մեր առջև նպատակ ենք դրել արբանյակն արձակել 2019 թվականի վերջին: Մենք որոշել ենք արձակման ժամանակ օգտագործել սեփական տեխնոլոգիա և ստեղծել արբանյակների արձակման կենտրոն: Մենք տվյալ աշխատանքներին ձեռնամուխ ենք լինում այս տարի:

Վերջին 10 տարիներին Թուրքիայի զինված ուժերի կարիքների բավարարման համար իրագործվել են ընդհանուր 30 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական արդյունաբերության նախագծեր: Այդ 10 տարվա ընթացքում պաշտպանական արդյունաբերության հայրենական համակարգերի մշակման մակարդակը կրկնակի աճել է և հասել է 54 տոկոսանոց ցուցանիշի:

Թուրքիան նպատակադրվել է մտնել առավել զարգացած պաշտպանական արդյունաբերություն ունեցող երկրների տասնյակի մեջ»:

Հիշեցնենք, որ Թուրքիան կառուցելու է իր սեփական տիեզերակայանը՝ արբանյակների արձակման համար: Այս մասին նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Չինաստանի Jiuquan տիեզերակայանից Göktürk-2 արբանյակի արձակումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Վերջինիս խոսքերով՝ ներկայիս դրությամբ աշխարհում տիեզերակայան ունի ընդամենը 11 երկիր: Էրդողանն ընդգծել է, որ ներկայումս աշխարհի միայն 25 երկիր է արբանյակ ուղարկել ուղեծիր: Արբանյակների ստեղծումը կազմում է այն պետական ծրագրի մի մասը, որն ուղղված է սեփական արտադրության սպառազինությամբ ու հանդերձանքով սեփական բանակի կարիքների ապահովմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս