10 տարում Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվել է ավելի քան 300.000 մարդ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը ներկայացրել է 2003-2012 թվականներին Թուրքիայի քաղաքացիություն ստացածների ու դրանից հրաժարվածների թվաքանակի մասին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ համապատասխան հարցով վարչապետ Ռեջեփ Էրդողանին դիմել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Մուհարեմ Ըշըքը:
Գյուլերի ներկայացրած տվյալների համաձայն, 10 տարում Թուրքիայի քաղաքացիություն է տրվել 124.647 օտարազգու: Նրանցից 44.040-ը ներկայացրել են Բուլղարիան, 15.588-ը՝ Ադրբեջանը, 7518-ը՝ Ռուսաստանը, 6723-ը՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, 6335-ը՝ Աֆղանստանը, 3700-ը՝ Սիրիան:
Միևնույն ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվել է 354.016 մարդ, որոնցից 8244-ին զրկել են Թուրքիայի քաղաքացիությունից, 327.946-ը հրաժարվել են Թուրքիայի քաղաքացիությունից, իսկ 17.826-ն էլ կորցրել են քաղաքացիության իրավունքը:
Գյուլերը հավելել է, որ 2012 թվականին 39.185 օտարազգու տրվել է Թուրքիայում աշխատելու թույլտվություն, իսկ 52.538 օտարազգու էլ՝ Թուրքիայում կրթություն ստանալու թույլտվություն: