
ԿՀՎ-ի կայքը հասանելի է դարձել նաև թուրքերենով

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ աշխարհում առաջին անգամ հետախուզական կազմակերպության ինտերնետային կայքը հասանելի է դարձել նաև թուրքերենով: Խոսքը գնում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ինտերնետային կայքի մասին, որում թուրքերենը դարձել է 7-րդ լեզուն:
Բացի անգլերենից, ԿՀՎ-ի կայքը (www.cia.gov) գործում է նաև իսպաներենով, արաբերենով, չինարենով, ֆրանսերենով, ռուսերենով և այժմ նաև թուրքերեն տարբերակներով: Վերջինիս հեղինակը թուրքերենին ու քրդերենին տիրապետող ԿՀՎ-ի նոր գործակալն է, որի տարեկան աշխատավարձը կազմում է 75.000 դոլար:
ԿՀՎ-ն այդ գործակալի որոնման աշխատանքները սկսել է 2009 թվականին: Նշվում է, որ նախորդ տարի ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում հրաժարական տված Դևիդ Պետրեուսը նույնպես կարողանում էր խոսել թուրքերեն:
Թուրքական թերթը մեծ հաջողություն է համարում ԿՀՎ-ի կայքի թուրքական տարբերակի գործարկումը տարածաշրջանային ուժի վերածվող Թուրքիայի համար՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ում պոտենցիալ մեծ բնակչություն ու լոբբի ունեցող գերմաներենի, իտալերենի, հնդկերենի ու ճապոներենի պես շատ գործածական լեզուների մասին: