Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօրվա իր ելույթը չի լինելու ամենալավ և ամենաուժեղ ելույթը: Նրա խոսքով` ուժեղ ելույթ կունենա ուրբաթ օրվա հանրահավաքին:

«Հաղթանակը մեր միասնության մեջ է: Մեր ուժը մեր ամբողջականության մեջ է, որը շատ ավելի ուժեղ է և հաղթական, քան մեր առանձին-առանձին վերցրած բաժինները, հոսանքները և կուսակցությունները: Այսօր հայ ժողովուրդը խոսել է, մեր ձայնը դարձել է օվկիանոս»,- նշեց Ր. Հովհաննիսյանը, ում խոսքով` պայքարը ոչ թե  կուսակցակասն կամ քաղաքական շահի համար է, այլ երկիրը քաղաքացուն վերադարձնելու համար:

«Այդ արշալույսը մենք պիտի տեսնենք միասին` չը-կաս-կա-ծեք»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը: «Եթե պարոն Սարգսյանն ապրիլի 9-ին կեղծ երդում տա սուրբ  Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը` օրհնելով ժողովրդին հակասող, հալածող, ծաղրող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրայով»,- ասաց նա, ում խոսքով` մինչև մարտի 31-ը` սբ. Զատկի տոնը,   և դրանից հետո մինչև ապրիլի 9-ը, եթե իրենք այդ ուժը չգտնեն իրենց մեջ, ինքը կաղոթի, և հավանաբար, ինքն այս անգամ չմասնակցի սբ. Զատկի պատարագին: «Եթե մինչև մարտի 31-ը պարոն Սարգսյանը դուխը, ողնաշարը, հայրենիքի սերը չունեցավ ինքնաբացարկ անելու, ուրեմն, ես մի խնդրանք ունեմ` թող Սերժ Սարգսյանն ասի Վեհափառ հայրապետին, որ մենք սուրբ տաճարում ենք կամ վեհարանում պետք չկա  խմել  Հայաստանի նախագահի կամ որևէ մի  մարդու կենացը: Մի՛ խմեք իմ կենացը: Դուք ասեք Սերժ Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է պետությունից, ոչ թե գործիք է իշխանության»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: Նա նշեց նաև, որ ինքը հայտարարում է  ոչ թե հացադուլ, այլ կեղծիքադուլ,  վախադուլ,   ստադուլ:

Ըստ նրա` այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ չհայտնի, ինքը հրապարակից չի գնա տուն: Իսկ վերջում նա հիշեցրեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 15-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում:

Տեսանյութեր

Լրահոս