«Ջազը բոլոր հարցերի պատասխանն է». Նինո Կատամաձե (լուսանկարներ)
Insight խմբի մեներգչուհի, վրացական էթնիկ և ջազ երգարվեստի ներկայացուցիչ Նինո Կատամաձեն արդեն մի քանի օր է՝ Հայստանում է: Երեկ երգչուհին «Յանս» երաժշտական ակումբում հայ հանդիսատեսին է ներկայացրել իր նոր՝ «Green» ձայնակավառակի երգերը: Այսօր լրագրողների հետ զրույցում Նինոն խոստովանեց, որ իր համար Երևանն առաջին հերթին իր ընկերներն են, ում հանդիպելու համար ինքը մեծ հաճույքով գալիս է Հայաստան:
Նինո Կատամաձեն ցավով նշեց, որ չի հասցնում զբոսնել մայրաքաղաք Երևանում, այցելել տեսարժան վայրեր: Ըստ Կատամաձեի՝ Երևանում իսկապես գնահատում են ջազը: «Երաժշտական որակյալ սարքավորումների առումով իսկապես ձեր բախտը բերել է: Ինձ համար երբեմն էական տարբերություն չկա, թե ո՞ր երկրում եմ, քանի որ միշտ փոխադրվում եմ մեքենայով, գնում եմ հյուրանոց, սակայն երաժշտական ակումբների առումով Երևանում ամեն ինչ հիանալի է: Երևանցիներն իսկապես սիրում են ջազը և շատերի նման համերգներին չեն գալիս պարզապես գալու համար»,- նշեց երգչուհին:
Նինո Կատամաձեի համոզմամբ՝ իր համար ավելի հաճելի է հանդես գալ փոքր բեմերում. «Մենք հանդես ենք եկել շատ տարբեր համերգասրահներում, թե՛ մեծ, թե՛ փոքր: Բայց ակումբում համերգ տալը տարբերվում է: Օրինակ Երևանի ակումբի սարքավորումները, ձևավորման ճաշակը տարբերվումն են: Ակումբում ավելի մտերմիկ միջավայր է, բայց միևնույն ժամանակ ավելի շքեղ է: Մեզ մոտ օրինակ կան ընդհամենը մի քանի ակումբներ: Այս հարցում ձեր բախտն իսկապես բերել է. մակարդակը բարձր է: Էներգիան, հարաբերությունները երևանյան ակումբներում միանգամայն տարբերվում են»,- ասաց Կատամաձեն՝ ավելացնելով, իր համար կարևոր է այն հանագամանքը, որ երևանցին կարողանում է ոչ միայն զգալ ջազ արվեստը, այլև քայլել ջազին համահունչ:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք դժվար չէ՞ 10 տարուց ավել աշխատել նույն խմբի կազմով, Նինոն կատակեց. «Մենք ապրում ենք իրար հետ, ոչ թե ստեղծագործում: Իհարկե ինձ համար սկզբում դժվար էր համագործակցել չորս վրացի տղամարդկանց հետ, բայց մեզ հեշտ է աշխատել այն, որ մենք չենք գնահատում մեր ամբողջականի ուժերը. ամեն մեկս անում ենք մեր գործը»:
Խմբի անդամ Գոչա Գաչեիշվիլին հաստատեց մեներգչուհու կարծիքն ու հավելեց, որ հոգևոր կապվածություն կա, որը շատ ուժեղ է:
Կատամաձեի բոլոր ալբոմները անվանվում են գույներով: Հենց այդ տրամաբանությամբ էլ անվանվել է վերջին՝ «Green» թարգմանաբար «Կանաչ» ալբոմը: Հարցին, թե ինչպե՞ս եք շարունակելու անվանել Ձեր ալբոմները, երբ ծիածանի յոթ գույներն ավարտվեն, Նինո պատասխանեց, որ կսկսեն անվանել բնական երևույթների անունով՝ կրակ, քամի, օդ և այլն:
Ի դեպ, Նինոն ավելացրեց, որ ինքն իրեն ասոցացնում է սպիտակ գույնի հետ, իսկ բնական երևույթներից քամու հետ: Առհասարակ, Նինոյի խոսքով, ամեն ձայնասակավառակ, այդ թվում «Green»-ը, փոխանցում են համապատասխան տրամադրություն ու մթնոլորտ:
Հարցին, թե ի՞նչ է Ձեզ համար ջազը, հոգևոր տրամադրությո՞ւն, թե՞ կենաակերպ, երգչուհին պատասխանեց. «Ջազը բոլոր հարցերի պատասխանն է»:
Նա առանձնացրեց հայ ջազ երաժիշտներին ու շեշտեց, որ գնահատում է նրանց տաղանդը և որևէ տեղ չի հանդիպել այդքան պրոֆեսիոնալ մարդկանց:
Նշենք, որ Նինո Կատամաձեն համերգ կունենա նաև այսօր՝ «Յանս» երաժշտական ակումբում: