Բաժիններ՝

Մադուրոն կարգադրել է հնարավորինս արագ նշանակել նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն երդում է տվել որպես երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Տվյալ արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարան) արտահերթ նստաշրջանում:

Դրանում Ազգային ասամբլեայի նախագահ Դյոսդադո Կաբելյոն ընթերեցել է սահմանադրության 233-րդ հոդվածը, որում նշված է, որ նախագահի մահվան դեպքում նրա պարտականությունները պետք է ժամանակավորապես իր վրա վերցնի փոխնախագահը: Եթե նախագահի մահը վրա է հասել նրա ղեկավարման առաջին 4 տարիներին, ապա փոխնախագահը պարտավոր է 30 օրվա ընթացքում հայտարարել արտահերթ նախագահական ընտրությունների մասին:

Կաբելյոն ցավով փաստել է, որ Վենեսուելայում հենց այդպես էլ զարգացել են դեպքերը: Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Չավեսն իր կողմնակիցներին խնդրել է քվեարկել Մադուրոյի օգտին, եթե երկրում անցկացվեն արտահերթ ընտրություններ:

Մադուրոն հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական խորհրդի նախագահին կարգադրել է հնարավորինս արագ նշանակել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը:

Ուգո Չավեսը մահացել է տեղական ժամանակով մարտի 6-ին: Ապակեպատ դագաղում Չավեսին արդեն իսկ հրաժեշտ է տվել 2 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս