Տեղի է ունեցել iԿին.am կայքի և «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի շնորհանդեսը

Այսօր՝ մարտի 8-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգային կայքի՝ ikin.am-ի և «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի շնորհանդեսը:
Մամուլի ասուլիսին ներկա էին www.ikin.am կայքի խմբագիր Զառա Բաթոյանը և «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հ/կ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանը:
Ինչպես նշեց Զառա Բաթոյանը, բլոգային կայքի նպատակն է հարթակ հանդիսանալ, որտեղ հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք կկիսվեն բոլորի հետ իրենց խնդիրներով և փորձով, կքննարկեն իրենց հուզող հարցերն ու լուծումներ կառաջարկեն դրանց համար. «Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները ոչնչով չեն տարբերվում մյուս կանանցից և աղջիկներից, ունեն իրենց հետաքրքրությունները և երջանիկ լինելու նույն ցանկությունը»,- ասաց Զառա Բաթոյանը: Նրա խոսքով, սակայն, հաշմանդամություն ունեցող կանայք երբեմն չեն կարողանում մասնակցել ինչ-ինչ միջոցառումների, այդ իսկ պատճառով ստեղծված է iԿին.am կայք-բլոգը:
Ինչ վերաբերում է «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկին, որը թարգմանվել և հրատարակվել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կազմակերպության կողմից, այն կօգնի որոշակիորեն փոխել ընտանիքներում և հասարակությունում հաշմանդակություն ունեցող կանանց առողջությանը վերաբերող վնասակար համոզմունքները: Այս մասին ասաց հ/կ-ի ղեկավար Կարինե Գրիգորյանը: Նրա խոսքով հաշմանդամություն ունենալ չի նշանակում հիվանդ լինել, դրանք տարբեր բաներ են. «Յուրաքանչյուր կին իրավունք ունի ունենալ իր ընտանիքը և զգալ մայր լինելու բերկրանքը»,- ասաց Կ. Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս