Բաժիններ՝

Քաղաքական իրականությունն ու էպոսը. մամուլ

«Էպոսագետ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար։ Մեղադրանքը պաշտոնական է, այն ներկայացրել է նախաքննության մարմինը՝ ԱԱԾ-Ն, որը նախօրեին կալանավորել է Վարդան Սեդրակյանին։ Հայաստանյան քաղաքական երկնակամարում անսպասելիորեն հայտնված Սեդրակյանը նույնքան անսպասելիորեն հայտնվում է աղմկոտ հանցագործության կիզակետում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում

Ինչքանո՞վ է սա տրամաբանական կամ սպասելի, կանխատեսելի, ընկալելի. Սեդրակյանի շուրջ այս զարգացումները շատերի մոտ են առաջացրել այս հարցերը, և կարելի է ասել, որ հիմնական, գերակշռող վերաբերմունքը թերահավատությունն է կամ անվստահությունը, որ սպանության պատվիրատուն եղել է էպոսագետը։ Համենայնդեպս, հանրության նկատելի մեծամասնությունը համոզված է, որ տեղի ունեցողը շատ ավելի մեծ շղթայի մի օղակ է։

Այս իրավիճակում հետաքրքրական է դառնում, թե որը պետք է լինի բացահայտվող հաջորդ օղակը։ Գրեթե կասկած չկա, որ տեղի ունեցողը կամ արտաքին աղբյուրներ և հովանավորներ ունի, կամ էլ տեղի է ունենում ներիշխանական հարաբերությունների տիրույթում։ Մինչև այժմ առաջ քաշված ոչ պաշտոնական վարկածներն էլ կարծես եղել են հենց այս շրջանակում։ Հայրիկյանը հայտարարել է ռուսական իմպերիալիզմի մասին, իշխանությունները, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանը, հայտարարել է մահափորձի հետևում կանգնած քաղաքական ուժերին բացահայտելու մասին։ Սակայն մինչև այսօր և նա, և իշխանության մյուս դեմքերը, որոնք ակնարկում էին այս մասին, չեն տվել կոնկրետ անուններ կամ չեն արել ավելի կոնկրետ ակնարկներ։

Սակայն կասկած չկա, որ եթե մահափորձի հետևում կանգնած են քաղաքական ուժեր, ապա այդ ուժերը առնվազն կամ իշխանական դաշտից են, կամ մերձիշխանական շրջանակներից, որովհետև հակառակ դեպքում իշխանությունները շատ արագ կբացահայտեին իրենց հանցագործ ընդդիմախոսներին։

Այլ կերպ ասած՝ մահափորձի հենց առաջին իսկ օրից նկատվեց, որ այստեղ կամ իրապես առկա է ներհամակարգային շահերի որոշակի բախում, կամ էլ պարզապես տեղի ունեցածը փորձելու են օգտագործել հենց այդ հարաբերությունների պարզաբանման համար, ինչի մասին վկայում էին իշ֊խանությունների առաջին արձագանքները, ինչպես նաև, այսպես ասած, մի քանի օր հետո հաջորդսւծ հակաարձագանքները համակարգի այլ թևերից։

Իսկ կարո՞ղ են արդյոք այդ երկուսը լինել մեկ տեղում, այսինքն՝ հնարավո՞ր է արդյոք, որ մահափորձը լինի ռուսական իմպերիալիզմի և որոշ քաղաքական ուժերի շահերի ու գործողությունների համադրման արդյունք, առավել ևս, որ Հայաստանի պետականության որակը, կոռուպցիան և օլիգարխիկ բնույթը պետությունն արտաքին ազդեցության տեսանկյունից դարձրել են առավել քան խոցելի, անկախությունն ապահովելու փոխարեն՝ էլ ավելի խորացնելով կախվածությունը։

Այս բոլոր հարցերի պատասխանն, իհարկե, պետք է տա քննությունը, սակայն վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ առաջանում է նաև քննության լիարժեքության, անկողմնակալության, արտաքին ու ներքին սուբյեկտիվ ազդեցություններից զերծ մնալու հարցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս