ԱՄՆ-ը ցանկանում է Ադրբեջանում տեսնել ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացում. Մորնինգսթար

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է այս տարվա հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին.

«ԱՄՆ-ը ցանկանում է Ադրբեջանում տեսնել ազատ և արդար ընտրությունների անցկացում: Սակայն ազատ և արդար ընտրությունների անցկացման համար բավական չէ քվեարկության օրը որևէ միջոցառում անցկացնելը: Մենք կարծում ենք, որ պետք է ստեղծվեն ազատ հանրահավաքների համար պայմաններ, ապահովվի ԶԼՄ-ներից քաղաքացիների օգտվելը, շատ կարևոր է արդար ընտրական գործընթացի ապահովումը:

Մենք այս հարցերի շուրջ շարունակում ենք երկխոսել կառավարության հետ: Մեծ հույսեր ունենք, որ ընտրություններից հետո մենք կարող ենք ասել, որ ընտրությունները հիրավի եղել են ազատ և արդար: Թե ով կդառնա Ադրբեջանի նախագահը, պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը, գլխավորն այն է, որ ընտրությունները լինեն ազատ և արդար:

Ադրբեջանի կառավարությունն անհրաժեշտ փոփոխությունների հարցում պետք է աշխատի քաղաքացիական հասարակության հետ համատեղ, պետք է համագործակցի նրա հետ: Ընդդիմադիր գործիչների ձերբակալման հետ կապված՝ մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ապահովել բաց և թափանցիկ դատական գործընթացներ: Մենք հետևում ենք այդ գործընթացներին:

Միաժամանակ մենք կառավարությանը կոչ ենք անում բաց երկխոսել շրջանների բնակիչների հետ, լսել նրանց օրինական բողոքները և լուծել դրանք: Հուսադրող է նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, որն առնչվում է պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական լիազորությունների չարաշահման անթույլատրելիությանը»:

Տեսանյութեր

Լրահոս