«Վարդան Սեդրակյանը մինչ օրս հանդիսանում է Հանրապետության Նախագահի թեկնածու և կալանավորվել չէր կարող»

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը:

Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն՝ Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նախագահը մինչև Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել, կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել Հանրապետության Նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչ օրս հանդիսանում է Հանրապետության նախագահի թեկնածու և կալանավորվել չէր կարող:

Սիրունյան իրավաբանական գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս